«Սպիտակ տան կողմից կորոնավիրուսի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործողությունները բավարար չեն». - անցած գիշեր նման հայտարարությամբ է հանդես եկել Վերմոնթից ընտրված անկախ սենատոր, Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվելու համար պայքարող Բերնի Սանդերսը:

«Եթե ամերիկյան պատմության մեջ եղել է մի ժամանակահատված, երբ Կոնգրեսը, հաշվի առնելով ճգնաժամի աննախադեպ ծավաները, պետք է աննախադեպ քայլերի դիմեր, ապա այսօր հենց այդ պահն է: Հանրապետականների ներկայացրած առաջարկը, սակայն, խիստ թերի է: Կառավարության նպատակը պետք է լինի շարքային քաղաքացիներին, այլ ոչ թե ավիաընկերություններին կամ տուրիզմի ոլորտին ուղղակի օժանդակության ցուցաբերումը», - հայտարարում էր Սանդերսը:

Սպիտակ տունը և Կոնգրեսի դեմոկրատական մեծամասնությունն այս շաբաթասկզբին էին ընդհանուր հայտարարի եկել կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների դեմ հակաճգնաժամային փաթեթի ընդունման շուրջ: Նախագահ Դոնալդ Թրամփի թիմակիցների առաջարկով նախատեսվում է երկրում տնտեսական խոր ճգնաժամը կանխելու նպատակով ընդհանուր առմամբ շուրջ 1 տրիլիոն դոլարի օգնություն տրամադրել ինչպես շարքային քաղաքացիներին, այնպես էլ ճգնաժամից առավել տուժած ընկերություններին:

Հակաճգնաժամային փաթեթի վերջնական հաստատման շուրջ բանակցությունները շարունակվելու են նաև առաջիկա օրերին: Սենատում ներկայացված դեմոկրատների համոզմամբ, սակայն, հանրապետականները խնդիրը դիտարկում են նախևառաջ տնտեսական տեսանկյունից, ինչը սխալ է:

«Եթե մենք արդյունավետորեն չպայքարենք առողջապահական ճգնաժամի դեմ, մեր որևէ քայլ տնտեսության վիճակը չի բարելավի», - ուրբաթ երեկոյան հայտարարում էր Սենատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը: