Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արսեն Թորոսյանի հետ

Armenia-President of Armenia Armen Sarkissian meets with Minister of Health Arsen Torosian, 20Mar2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարար Թորոսյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի և միտումների, ինչպես նաև վարակի կանխարգելման և բուժման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին: Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև առկա խնդիրներին:

Նախագահ Սարգսյանը կարևորել է բնակչության առողջության պահպանմանը և նոր կորոնավիրուսի վարակի տարածմանը դիմակայելուն ուղղված քայլերը: Արմեն Սարգսյանը փորձի և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից շատ էական է համարել համագործակցությունը տարբերի երկրների և համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ինչը ևս կարող է նպաստել հիվանդության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում ամեն կերպ աջակցել և օժանդակել կառավարությանը: