Խամենեի. «Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները կարող են մեզ համար հավելյալ հնարավորություններ ստեղծել»

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Խոսելով Իսլամական Հանրապետության դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների մասին` Խամենեին համոզմունք է հայտնել, թե դրանցից երկիրը կարող է նաև օգուտներ քաղել:

«Եթե մենք կարողանանք ավելացնել տեղական արտադրության ծավալը, մեզ կհաջողվի հաղթահարել տնտեսական դժվարությունները: Մեր դեմ սահմանված պատժամիջոցները ի վերջո հենց մեզ են օգտակար լինելու: Նախկինում դրանք միայն վնասում էին: Այսօր, սակայն, այդ պատժամիջոցները մեզ ստիպել են անցնել այլընտրանքի որոնմանը և սեփական կարողությունների, տեղական հնարավորությունների օգտագործմանը», - հայտարարել է Խամենեին: