Փաշինյանը շնորհավորել է Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ

Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը Երևանում, 15-ը հոկտեմբերի, 2019թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով: Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգտագործել երկկողմ համագործակցության ողջ ներուժը՝ մեր հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու նպատակով»:

Փաշինյանը մաղթում է Գախարիային նորանոր ձեռքբերումներ, հաջողություն՝ տարածաշրջանի զարգացման ու կայունության ամրապնդմանը միտված նրա բոլոր ծրագրերին, իսկ բարեկամ վրացի ժողովրդին՝ բարօրություն ու առաջընթաց:

Վրաստանի վարչապետն այսօր դարձավ 45 տարեկան: