Կանցլեր Անգելա Մերկելը 15 տարվա պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ ուղերձ է հղել գերմանացիներին՝ կոչ անելով յուրաքանչյուրին կարգապահություն դրսևորել կորոնավիրուսի դեմ պայքարում:
«Թույլ տվեք ասել ձեզ՝ իրավիճակը լուրջ է: Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Գերմանիան չէր բախվել նման մարտահրավերի», - դիմելով հայրենակիցներին՝ հայտարարել է Գերմանիայի առաջնորդը և հավելել. - «Այդ մարտահրավերը հաղթահարելու համար շատ բան կախված է մեր միասնականությունից և համերաշխությունից»:
Գերմանական կառավարության ղեկավարը խոսել է քայլերից, որոնք միտված են վարակը կանխելուն՝ խոսքը երկրում հանրային կյանքն էապես սահմանափակելու մասին է: Կանցլերը վստահեցրել է՝ այդկերպ հնարավոր կլինի դանդաղեցնել վարակի տարածման տեմպերը և ժամանակ շահել պատվաստանյութ ստեղծելու համար:
Վերջին տվյալներով՝ Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 11 հազարի, երկրում չեղարկվել են զանգվածային միջոցառումները, փակ են կրթական, մշակութային, ժամանցային վայրերը, դպրոցներն ու մանկապարտեզները: Բացի այդ, Գերմանիայի իշխանությունները փակել են սահմանները Ավստրիայի, Դանիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի հետ:
«Հավաստիացնում եմ ձեզ՝ ինձ նման մարդու համար ազատ տեղաշարժը մեծ դժվարությամբ ձեռք բերված իրավունք է, նման սահմանափակումները կարելի է արդարացնել միայն ծայրահեղ անհրաժեշտությամբ: Դրանք երբեք հեշտությամբ չեն տրվում ժողովրդավարական պետությանը և կիրառվում են միայն ժամանակավոր, բայց այս պահին դա անհրաժեշտություն է՝ որպեսզի կյանքեր փրկվեն», - ասել է Մերկելը:
«Հետագա իրավիճակը կախված կլինի յուրաքանչյուրի կարգապահությունից: Սա պատմական կարևոր խնդիր է, որ կարող ենք լուծել միայնմիասին: Որքան զոհ կլինի, քանի հարազատ կկորցնենք՝ այդ ամենը մեր ձեռքերում է. մենք կարող ենք վճռական և իրար հետ հաղորդակցվելով արձագանքել, մենք կարող ենք ընդունել գործող սահմանափակումները և աջակցել միմյանց», - շեշտել է Գերմանիայի ղեկավարը: