Սերբիայում այսօրվանից պարետային ժամ է մտցվել

Սերբիա - Զինվորականները պարեկություն են իրականացնում Բելգրադի փողոցներից մեկում, 18-ը մարտի, 2020թ.

Կորոնավիրուսի դեմ պայքարում մարդկանց շփումները նվազեցնելու համար մարտի 18-ից Սերբիայում պարետային ժամ է մտցվել: Երեկոյան ժամը 8-ից մինչև առավոտյան 5-ը բնակիչներին արգելվում է տնից դուրս գալ:

Պարետային ժամ մտցնելու խիստ միջոցների մասին երեկ երեկոյան հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Ավելի վաղ Սերբիայում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել, բայց քաղաքացիներն անտեսում էին սահմանափակումները, ուստի իշխանություններն ավելի խիստ քայլի դիմեցին:

Սերբիայում կորոնավիրուսի 70-ից ավելի դեպք է հաստատվել, բայց կառավարությունը որոշել է մոտավորապես 8 հազար մարդու մեկուսացնել, որոնք շփումներ են ունեցել վարակվածների հետ: