Ազգային ժողովը շուրջ 5 ժամ քննարկելուց հետո ի գիտություն ընդունեց արտակարգ դրությունը

Ազգային ժողովը իրավունքի ուժով հատուկ նիստով քննարկեց և ի գիտություն ընդունեց Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը:

Վարչապետը նիստի սկզբում հայտնեց, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մոտ 500-հոգանոց արտադրամասերից մեկում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 3 անձանց շփման շրջանակն արդեն գծվել և տեղորոշվել է։

Փաշինյանը բացատրեց, թե ինչպես կազդի արտակարգ դրությունը քաղաքացիների վրա. - «Անձնական ազատությունների որոշակի սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում, արտակարգ դրությունը հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք: Տվյալ դեպքում անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը»:

Պետության ղեկավարը նկարագրեց նաև, թե ինչքանով է Հայաստանը պատրաստ հիվանդների թվի աճին: Ասաց՝ Առողջապահության նախարարությունը նախատեսում է թոքերի արհեստական օդափոխության ևս 11 ապարատ ձեռք բերել, իսկ երկրում այս պահին կա 360 ապարատ: «Փետրվարի կեսերին էր, երբ որ մենք սկսեցինք «Նորք» ինֆեկցիոնը ազատել բոլոր տեսակի այլ հիվանդություններով հիվանդներից: Այսպիսի 100 տոկոս պատրաստ երկրորդ հիվանդանոցը նույնպես ունենք, երրորդը՝ ռեզերվը, նույնպես ունենք, չորրորդ ռեզերվը նույնպես ունենք: Էս չորս ռեզերվը իրար հետ մի հատ էնպիսի թիվ է՝ 1000-ից անցնում է, 1000-1500 թվի մասին է խոսքը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե լինել չի կարող, հայտարարեց վարչապետը՝ հավելելով , որ այս թեմային առավել մանրամասն հետագայում էլ կանդրադառնա. - «Ինչ վերաբերում է հանրաքվեին, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող, և հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ քան, 60 օր հետո, 65 օր հետո, այսինքն, ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ որ ավարտվել էր: Ավելի մանրամասն կարգավորումներին ես էս պահին, կարծում եմ, պետք չէ անդրադառնալ»:

Պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին ի պատասխան էլ վարչապետը նշեց՝ Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետաձգման հիմք այս պահին չի տեսնում: «Արցախում, փառք Աստծո, մինչև էս պահի դրությամբ ոչ մի դեպք չի արձանագրվել, և ես էսօր կոչ արեցի և էլի կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդել դեպի Արցախ և դեպի Հայաստան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հնարավոր գնաճի դեմ պայքար կարող են իրականացնել քաղաքացիները՝ չհիմնավորված գնումներ չանելով, ասաց վարչապետը ի պատասխան պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի, պնդելով, որ երկրում առկա է պարենի բավարար չափաքանակ։ «Պետք չի հիմա այդպիսի գնումներ անել, որևէ, ես, իսկապես, հարցրել եմ կոնֆիդենցիալ, պահանջել եմ, որ ճշմարտությունը ասվի, ոչ մի բան չթաքցվի, ասում է, որ որևէ պրոբլեմ չկա», - ընդգծեց պետության ղեկավարը:

Այս մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ կարող են բախվել ֆինանսական խնդիրների՝ ի՞նչ փաթեթներ է նրանց համար առաջարկելու կառավարությունը, հետաքրքվեց ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը: Վարչապետը մանրամասնեց՝ շատ որոշումներ կընդունվեն հընթացս, իրավիճակից ելնելով:

Ինչ վերաբերում է վարկերին, Փաշինյանն ասաց՝ այն բանկերը, որոնք մինչև հիմա այսպես կոչված վարկային արձակուրդների մասին չեն հայտարարել, անհատական մոտեցմամբ կանդրադառնան քաղաքացիների՝ վարկերի վճարումները սառեցնելու մասին դիմումներին. - «Համոզված եմ, որ դեպք չենք ունենա, երբ որ բանկերը իրենց վստահելի հաճախորդի հետ չգան ընդհանուր համաձայնության»:

Խորհրդարանի հատուկ նիստի վերջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ երեք խմբակցությունները չեն ներկայացրել նախագիծ արտակարգ դրության կամ դրանով նախատեսված միջոցառումներից որևէ մեկի չեղարկման վերաբերյալ:

Եզրափակիչ խոսքով նիստն ամփոփոց վարչապետը. - «15 հատ նոր դեպք ենք ունեցել, 5-ը՝ Էջմիածին, և ունենք նաև նոր դեպք՝ ոնց որ թե, վստահ չեմ, բայց ոնց որ Չարենցավանում էլ երկու դեպք ունենք: Եվ սա ցույց է տալիս, որ արտակարգ դրությունը, այո, ադեկվատ լուծում է, արձագանք է իրավիճակին, և տասն օր առաջ, ասենք, մարդկանց իրավունքները սահմանափակելու համար մենք էսքան ծանրակշիռ պատճառ չունեինք, և իրավունքների սահմանափակմանը պետք է շատ լուրջ վերաբերվել: Հիմա, հետևաբար, էս նոր իրավիճակին, պարետը որոշում կկայացնի հանրապետության ամբողջ տարածքով ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, կներեք, հոգեհանգիստներ, թաղումներ՝ 20 մարդուց ավելի, ամբողջ հանրապետության տարածքով արգելվում է, ամբո՛ղջ հանրապետության տարածքով»:

«Աշխատանքի գնա՞ն, թե՞ չգնան՝ այո, պետք է գնան աշխատանքի, որովհետև չենք կարող երկիրը կանգնեցնենք, բայց՝ պահպանելով հնարավորինս, էնտեղ, որտեղ կարելի է տնից աշխատել՝ տնից աշխատել, խրոնիկ հիվանդները թող չգնան աշխատանքի, 60 և ավելի տարիք ունեցող մարդիկ թող չգնան աշխատանքի, հղի կանայք թող չգնան աշխատանքի, առավոտյան և երեկոյան թող բոլորը անեն ջերմաչափումներ՝ նրանք, ովքեր ջերմություն ունեն, թող չգնան աշխատանքի», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: