Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն ուղերձ է հղել Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հետ կապված՝ հորդորելով հոգևոր հայրերին և հավատացյալ ժողովրդին առավելագույն զգուշություն ցուցաբերել և խուսափել հանրային շփումներից և կուտակումներից։
Հայտարարությունում նշված է. «Առկա կացության շուրջ խորհրդակցելով մեր Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալների հետ և ստեղծված իրավիճակը այսօր քննարկելով հայաստանյան եպիսկոպոսների հետ՝ որոշեցինք.
Ա. Մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար Եկեղեցիների ծառայության ժամեր սահմանել յուրաքանչյուր օր ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար,
Բ. Սուրբ Պատարագի արարողությունները անցկացնել դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը,
Գ. Ծաղկազարդի տոնին չեղարկել մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարել առանց հավատացյալների ներկայության,
Դ․ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չկատարել մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը,
Ե․ չկատարել Ս․ Պսակի արարողություններ,
Զ․ Ս․ Մկրտության խորհուրդը կատարել խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում),
Է․ հուղարկավորությունների պարագային կատարել միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից»։
Հաղորդագրությունում նշված է, որ առաջիկա չորեքշաբթին՝ մարտի 18-ը, հայտարարվում է համազգային աղոթքի օր՝ հրավիրելով յուրաքանչյուրին ժամը 19:00-ին իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին:
«Առ Աստված ապավինությամբ աղոթում ենք վարակվածների և մեկուսացվածների ապաքինման և հոգևոր ամրության համար։ Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում զօրուգիշեր իրենց անսակարկ ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր առավելագույն ջանքեր են ներդնում իրենց ծառայության մեջ՝ գործելով արտակարգ իրադրության պայմաններում», - ասված է հայտարարությունում: