Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է, և վերջինս ՌԴ-ի իրավապահների կողմից ազատ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:
Մարտի 1-ի քրեական գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Մոսկվայում երեկ էր ձերբակալվել:
2018 թվականին, երբ հայտարարվեց, որ նոր բացահայտումներ են արվել, 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործում մեղադրյալ ներգրավվեց նաև Հարությունյանը՝ ապացույցները կեղծելու համար:
Ավելի ուշ Վահագն Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Քննչական խմբի նախկին ղեկավարը, որը դեռ 2018 թվականի հուլիսից էր գտնվում Մոսկվայում, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարել էր՝ չի ընդունում մեղադրանքը, և այն անհիմն, ապօրինի և շինծու է: