Գյումրիում լայնածավալ միջոցառումներ են անցկացվում վարակի տարածումը կանխելու ուղղությամբ

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

Գյումրիում մեկ տասնյակից ավելի թեստավորված անձանցից ոչ մեկի մոտ չի հաստատվել կորոնավիրուսը։ Երեկ Գյումրիի բժշկական կենտրոնից Երևան տեղափոխված քաղաքացու մոտ ևս վիրուսը չի հայտնաբերվել։

Չնայած բազմաթիվ զգուշացումներին, հարսանյաց արարողությունները դեռ շարունակվում են: Հարսանյաց շքախմբի շքեղ մեքենաների որոշ վարորդներ դիմակներով էին:

Կուտակումներ կային բանկերում: Բանկերից մեկում մարդիկ դրսում էին հերթ կանգնած: Գյումիի քաղաքապետարանն արդեն մի քանի օր է ախտահանում է հասարարական տրանսպորտը:

Քաղաքապետարանի շենքի բոլոր հարկերում տեղադրված են ախտահանիչներ: Քաղաքապետարանն իր աշխատանքային ռեժիմում սահմանափակումներ է մտցել, բնակիչներին հորդորում են դիմել միայն խիստ անհրաժեշտ գորածարքների համարլ:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասում է, որ թեև իրավիճակը քաղաքում հանգիստ է, բայց միևնույն ժամանակ մտահոգված է, որ վիրուսի տարածման աշխարհագրությունը ընդլայնվում է:

Քաղաքապետը Գյումրիի համար խիստ վտանգավոր է համարում բացօթյա առևտուրը․ - «Մենք ունենք կույր աղիքի պես մի բան․ դա բաց առևտրի կետերն են, որոնք անթույլատրելի են, ապօրինի են, որտեղ վաճառվում է կանաչեղեն, մրգեր, նույնիսկ մսամթերք և այլն։ Հանձնարարական է տրվել համապատասխան բաժիններին, ինչպես նաև մեր ոստիկանությանը նամակ գրեցինք, որպեսզի ոստիկանությունը մեզ հետ միասին, կարողանանք չորս խմբի բաժանվել և ամբողջ քաղաքում փորձել ուղղակի այդ երևույթը կանխել։ Հորդորում եմ մեր բնակիչներին, որ եթե նման բան իրենք կնկատեն այս մեր միջոցառումից հետո, որևէ մեկը չգնի բաց առևտրից որևէ սննդամթերք»։

Ոստիկանների ուղեկցությամբ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներն այսօր շուկայում առևտրով զբաղվողներին զգուշացրել են, որ առևտուր չիրականացնեն, քանի որ վիրուսի տարածմանը կարող են նպաստել:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի կարծիքով, զգոնությունն ու հիգիենայի կանոնների պահպանմամբ հնարավոր կլինի կանխել վիրուսի տարածումը․ - «Շատ կարևոր պահ է։ Ես ուղղակի բնակչությանը խնդրում եմ, որպեսզի բոլորս լինենք կարգապահ։ Պետք է շատ զգոն լինենք և կարողանան պաշտպանել մենք մեզ։ Գյումրին պետք է, ոնց որ միշտ ցուցադրել է իր դիմադրությունը, իր հնարավոր կարողությունը, իր մտածելակերպը, իր թասիբը, կարողանանք ուղղակի հստակ հասկանալ, որ սա շատ կարևոր միջոցառումներ են, որը մենք պետք է իրականացնենք և պաշտպանենք մեզ և մեր երեխաներին»։

Գյումրիում գործող խոշոր ձեռնարկություններից «Գյումրի գարեջուր» ընկերությում եղանք: Թեպետ այսօր գործարանը չէր աշխատում, սակայն մուտքի մոտից կանխարգելման հատուկ ձև էին ընտրել: Բոլոր բռնակները սպիտակ վիրակապով էին փափաթաված, նաև սպիրտով մշակված:

Ընկերության տնօրեն Արշալույս Սանոյանի խոսքով, իրենց համար առաջնահերթ է, որ դրսից աշխատակիցները վիրուսը գործարան չբերեն․ - «Ջերմաստիճաններն էլ ենք աշխատակիցների ստուգում, բոլորի նկատմամբ շատ խիստ մոտեցում է»։

Օրվա վերջում Գյումրիի փողոցները ախտահանավեցին հատուկ միջոցներով: