Առաջիկայում գործողություններ կձեռնարկվեն Վահագն Հարությունյանին արտահանձնելու համար. Դատախազություն

Երեկ Մոսկվայում ձերբակալվել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը, որը նախկինում 2008-ի հետընտրական գործը քննող քննչական խմբի ղեկավարն էր:

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ռուս իրավապահները Հայաստանի ոստիկանությանը տեղեկացրել են ձերբակալման մասին, և առաջիկայում գործողություններ կձեռնարկվեն նրան արտահանձնելու համար: Հայաստանի դատախազությունը 40 օր ժամանակ ունի միջնորդություն ներկայացնելու ռուսական կողմին:

«Ներկայացնելուց հետ տվյալ երկիրը սկսում է ուսումնասիրել, ուսումնասիրություն կատարել, այսինքն՝ իրականացնում է էքստրադիցիոն ստուգում, որի շրջանակներում կարող են համապատասխան հարցումներով կրկին դիմել պահանջող երկրին, ստանալ իրենց համար անհրաժեշտ տեղեկությունները, որի արդյունքում նոր կայացվում է որոշում: Այսինքն՝ եթե անձը հայտնաբերվել է այդ երկրում, նոր դրանից հետո միայն սկսվում է միջնորդություն ներկայացնելու պրոցեսը, դրա հիման վրա արդեն՝ քննարկման պրոցեսը», - ասաց Աբրահամյանը:

Մարտի 1-ի քրեական գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը հետախուզվում է դեռևս 2018 թվականից:

Հեղափոխությունից հետո, երբ հայտարարվեց, որ նոր բացահայտումներ են արվել, 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործում մեղադրյալ ներգրավվեց նաև Հարությունյանը՝ ապացույցները կեղծելու համար:

Ավելի ուշ Վահագն Հարությունյանին մեղադրանք առաջադրվեց նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Քննչական խմբի նախկին ղեկավարը, որը դեռ 2018 թվականի հուլիսից էր գտնվում Մոսկվայում, «Ազատության» հետ հեռախոսազրույցում հայտարարել էր՝ չի ընդունում մեղադրանքը, և այն անհիմն, ապօրինի և շինծու է:

Վահագն Հարությունյանը Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել սիրտ-անոթային խնդիրները բուժելու նպատակով:

«Քրեական գործի քննության ընթացքում, որը եղել է վարույթում, երկար ժամանակ չեն եղել ապացույցներ՝ Զինված ուժերի կողմից որևէ հակաօրինական գործողություն կատարելու կամ պարկուճներ հայտնաբերելու և այլն: Ես հիմա չեմ հիշում 1000-ից ավելի, 1600 թե 1800 կարծեմ, թվերը լավ չեմ հիշում, պարկուճ էր մենակ դեպքի վայրից հայտնաբերվել, բազմաթիվ պարկուճներ կային, որոնց պատկանելիությունը, կրակած զենքերը չէր հայտնաբերվել», - նշեց Աբրահամյանը:

Ըստ ՀՔԾ-ի, մարտյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի կողմից կրակված շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով հենց Հարությունյանի ցուցումով։ Մեղադրանքի համաձայն, Ազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին: Այնուհետև պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, դատաձգաբանական փորձաքննությունը կատարողին: Վերջինս հենց Վահագն Հարությունյանի անմիջական ցուցումներով փոփոխել է պարկուճները և կազմել կեղծ արձանագրություն։

Գոռ Աբրահամյանն ասում է՝ ռուսաստանցի իրավապահները 40-օրյա ժամկետում մի շարք ճշգրտումներ պետք է անեն, ինչից հետո էլ կորոշեն՝ իրենց տարածքում գտնվող այլ երկրի քաղաքացուն արտահանձնել սեփական երկիր, թե ոչ։

«Կողմը, որ ստուգում է իրականացնում միջնորդությունը ստանալուց հետ, նայում է, ենթադրենք, կա՞ն հանձնումը բացառող հանգամանքներ, թե՞ ոչ: Այդ բացառող հանգամանքներից են, օրինակ, քաղաքացիության հարցը կամ այն հանցավոր արարքը, որը կատարվել է, արդյոք վաղեմության ժամկետն անցե՞լ է, թե՞ ոչ, կամ անձին տվյալ երկիր հանձնելուց հետո արդյոք տվյալ երկրում սպառնո՞ւմ է նրան խոշտանգում, վատ վերաբերմունք կամ մահապատիժ, թե՞ ոչ», - նշեց գլխավոր դատախազի խորհրդականը:

Այլ երկրի քաղաքացուն սեփական երկիր հանձնելու համար պետություններն առաջնորդվում են մի շարք միջազգային փաստաթղթերով, այդ թվում՝ Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ։ Ըստ այդ փաստաթղթերի, այլ երկրի իրավապահների կողմից ձերբակալված քաղաքացին կարող է բողոքարկել իր նկատմամբ գործողությունները, այդ թվում՝ արտահանձնման որոշումը, տեղեկացրեց Գոռ Աբրահամյանը։ Եվ եթե Ռուսաստանի դատախազությունը որոշի արտահանձնել Վահագն Հարությունյանին, վերջինս կարող է այդ որոշումը բողոքարկել ռուսաստանյան դատարաններում և ըստ այդմ, եթե հաղթի, ապա նրա արտահանձնումը տեղի չի ունենա։

4 ամիս առաջ Ռուսաստանում ձերբակալվել էր Հայաստանի քաղաքացի, «Ալրաղացի Լյովիկ» մականունով Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Գոռ Աբրահամյանն ասաց՝ Լևոն Սարգսյանին Հայաստան արտահանձնելու իրենց միջնորդության վերաբերյալ որևէ տեղեկություն դեռ չունեն։

Նախկին պատգամավորը ձերբակալվել էր տարիներ առաջ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակություն կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով:

Անցած տարի Ռուսաստանում ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին էլ Ռուսաստանը մերժել էր արտահանձնել Հայաստան՝ պատճառաբանելով, թե հնարավոր չեն համարում բավարարել Պողոսյանին արտահանձնելու Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Ռուսաստանը վկայակոչել էր այսպես կոչված Մինսկի կոնվենցիան, ըստ որի՝ իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը կարող է մերժվել, եթե նման օգնության ցուցաբերումը «կարող է վնաս պատճառել հարցվող պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը»: