Այսօր Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում` Փարիզի քաղաքապետի ընտրություններ են անցկացվում` չնայած կորոնավիրուսի վտանգներին:
Այս պահին դեռ ընթացող քվեարկությամբ ֆրանսիացիները ընտրում են շուրջ 35 հազար քաղաքների քաղաքապետ և տեղական խորհուրդների ավելի քան կես միլիոն անդամների:
Ընտրատեղամասերը բացվելուց ժամեր առաջ ընդդիմադիր հիմնական գործիչները, այդ թվում` 6 մարզերի պահպանողական ղեկավարները իշխանություններին մեղադրեցին ընտրությունները չհետաձգելու համար:
Այսօր նախագահ Էմանյուել Մակրոնը, քվեարկելով Ֆրանսիայի հյուսիսում, ասել է, թե կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ավելի խիստ միջոցների դիմելուց բացի, այլընտրանք չունի, և նշել, որ երկիրը ճգնաժամը կհաղթահարի պատասխանատու լինելու դեպքում:
«Ես մեր քաղաքացիների առողջության ու նաև մեր երկրի ժողովրդավարական կյանքի երաշխավորն եմ»,- ասել է Մակրոնը՝ պաշտպանելով ընտրություններն անցկացնելու իր որոշումը:
Կեսօրվա տվյալներով` նախորդ ՏԻՄ ընտրությունների համեմատ մասնակցության տոկոսը ցածր է: 2014 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ կեսօրին քվեարկել էր ընտրողների 23 տոկոսը, այսօր՝ 18 տոկոսը:
Շաբաթ օրվա տվյալներով` Ֆրանսիայում կորոնավիրուսից 91 մարդ է մահացել, վարակվածների թիվը 4 հազար 500 է, որոնցից 300-ը ինտենսիվ բուժում են ստանում: