Հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է

Ռուս իրավապահ մարմինները Հայաստանի ոստիկանությանը տեղեկացրել են, որ ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանին, «Ազատությանը» փոխանեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա հայտնեց, որ առաջիկայում գործողություններ կձեռնարկվեն նրան արտահանձնելու համար:

Վահագն Հարությունյանը դեռ 2018 թվականի հոկտեմբերին է ներգրավվել որպես մեղադրյալ՝ ապացույցները կեղծելու համար։ 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների գործը քննած նախկին քննչական խմբի ղեկավարին սկզբում մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեջ։ Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ լրացրել է մեղադրանքը, և Հարությունյանը մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդում է, որ հետախուզումն էլ անօրինական է։ Նա մեկ տարի առաջ «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Մոսկվայում է՝ բուժման նպատակով։