Վաղը Հռոմից ժամանողներն անմիջապես կմեկուսացվեն, 14 օր կպահվեն վերահսկողության տակ

«Ազատության» հյուրն է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար, Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Հակոբ Ավագյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Կիրակի նախատեսված Հռոմից չվերթը ինչպե՞ս է կազմակերպվելու, այսինքն, օրինակ՝ այդ մարդկանց արտահագուստ, ինչ հեռավորությամբ են օդանավում նստելու, և հետո, ամենակարևորը՝ վայրէջքից հետո՞ ինչ է նրանց սպասում:

Հակոբ Ավագյան. – Էս պահին ևս դեռ հստակեցվում է, մենք էլի սպասում ենք ԱԳՆ-ից վերջնական էդ բանակցություններից, հստակեցվում է ժամը: Բնական է՝ նրանց հետ կլինի նաև ուղեկցող համաճարակաբան, որը, ինչպես արվեց Իրանի դեպքում, եթե կհիշեք՝ էստեղից համաճարակաբանը հեռահար ջերմաչափով թռչում էր ինքնաթիռով էնտեղ, էնտեղից ինքը ճանապարհին էլի ջերմաչափումով գալիս էր, ու եթե, Աստված մի արասցե, ինչ-որ խնդիր լինի, էդ էլ է նախատեսվում, հստակ կանոններ կան, էլի՝ եթե տենց դեպք լինի, ինքնաթիռի վերջին նստարանին են տեղափոխում, առնվազն երկու շարք դիմացը ազատ է լինում, և մեկուսացված են արդեն տեղափոխում:

Ժամերը հստակ կֆիքսվի, էլի ուժեղացված ռեժիմով կդիմավորեն, նախնական պայմանավորվածություն կա, որ անմիջապես ավտոբուսներով իրանց կմեկուսացվի, 14 օր կպահվի վերահսկողության տակ:

«Ազատություն». -Մոտավոր քանի՞ մարդու մասին է խոսքը այս պահին:

Ավագյան. – Դեռևս ճշտվում են թվերը, որովհետև սկզբում հայտերը շատ են եղել, հետո փոխվել են...

«Ազատություն». – Նախնական՝ 100 մարդ կլինի՞:

Ավագյան. – Մի ամբողջ ինքնաթիռ նախատեսվում է՝ 100-ից ավել: Արդեն վերջնական թվերը ԱԳՆ-ն կհրապարակի:

«Ազատություն». – Ինչո՞ւ անհրաժեշտություն եղավ Նորքի ինֆեկցիոնը տրամադրել միայն կորոնավիրուսով դեպքերին: Հնչում են մտավախություններ, որ այնքան շատ են դեպքերը, որ դրա համար մի ամբողջ հիվանդանոց է առանձնացվել:

Ավագյան. – Առողջապահության նախարարության տիրույթում է գործառույթը, բայց ընդամենը, որպես էլի առանձին գերատեսչություն, ասեմ, որ հստակ պրոցեդուրաներ կան, որ, օրինակ, ասենք, մենք տարբեր զորավարժություններ ենք չէ՞ անում, ասենք ՝ պլաններ ենք կազմում, արտակարգ իրավիճակներում՝ իրավիճակ ավելի հանգիստ՝ էս դեպքում ինչ ենք անում, երկրորդ դեպքում ինչ ենք անում, կարծում եմ՝ Առողջապահության նախարարությունը ընդամենը իր ծրագրային գործառույթն է իրականացնում: Իսկ ավելի մանրամասն երևի իրենք կասեն: Այսինքն՝ էդտեղ ինչ-որ վտանգավոր բան չկա, հակառակը՝ համաճարակային ինչ-որ միջոցառում է:

«Ազատություն». – Իսկ քննարկվե՞լ է տարբերակը՝ կարանտին հայարարել ամբողջ Էջմիածնում, սահմանային անցակետ դնել, և այլն:

Ավագյան. – Իհարկե քննարկվում է, բայց էդտեղ էլի տարբեր գերատեսչությունների կարծիք է հաշվի առնվում, ինչպես նաև տնտեսական բլոկի, որովհետև մենք անընդհատ խոսում ենք ու լսում ենք նաև մարդկանց, մեր քաղաքացիների մեղադրանքները, որ ավելի խիստ միջոցառումներ արվեն և այլն, բայց էդտեղ կա նաև հակառակ կողմը՝ մարդու ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակում և այլն: Այս պահին էլ վարչապետի կողմից հանձնարարական է եղել արդեն մեր իրավաբանական բլոկին, Արդարադատության նախարարությանը, որ տենց դեպքեր, անհրաժեշտության դեպքում ինչպիսի օրենսդրական փոփոխություններ են պետք, որ ավելի կոպիտ միջոցառումների անցնենք, ու էն քաղաքացիները, որոնք կասկածվում են կամ կոնտակտավոր են, ավելի հեշտ ենթարկվեն էդ հրահանգներին և ավելի արագ, այսպես ասած, մեկուսացվեն և այլն: Հետո էդտեղ էլ խնդիրներ են լինում՝ մեր Առողջապահության նախարարության գործընկերների մոտ, որ էլի օրենսդրական շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն:

«Ազատություն». – Ամեն դեպքում, այս պահին շատ ավելի խիստ միջոցառումների անհրաժեշտություն կարծես թե չի դիտարկվում: Ասենք, օրինակ, նաև համերգասրահներ, ռեստորաններ փակել, և այլն:

Ավագյան. – Չէ, էս պահին չէ, ընդհանուր մոտեցումը արդեն հայտարարվել է, որ խուսափենք էդ մեծ թվով հավաքների կամ միջոցառումների, այդ թվում նաև՝ էդ թատրոնների և այլնի, ինչ-որ հետաձգումներ անեն: Արդեն սահմանված որոշում որ կլինի, կերևա հստակ՝ ինչի մասին է խոսքը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.