Չարենցի երկրպագուները նշեցին հանճարեղ պոետի ծննդյան օրը

Ավանդաբար Եղիշե Չարենցի ծննդյան օրը նրա պոեզիայի տոնի է վերածվում. կեսօրից մինչև ուշ երեկո տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ սկսվելով նրա հուշահամալիրի մոտից և շարունակվում նրա տուն-թանգարանում։

Թերևս այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես դիպուկ նկատում էր Չարենցի թոռնուհին, Չարենցի տուն-թանգարանի աշխատակցուհի Գոհար Չարենցը, դեռ իր կենդանության օրոք Չարենց տեսավ իր հարազատ ժողովրդի սերն ու պաշտամունքը. – «Եվ հասկացավ, խորապես գիտակցեց, որ այն տևելու է հավետ: Այսօր, ինչպես ամեն տարի, հայ ժողովուրդը նշում է իր հանճարեղ զավակի, պապիկիս` Եղիշե Չարենցի ծնդդյան տարեդարձը: Նա ապրեց ընդամենը 40 տարի, և նրա կյանքը, ինչպես ինքն էր գրում, ավարտվեց իր «արարչական գործի» ճանապարհի կեսին, և նա չհասցրեց իրականացնել իր բոլոր երազներն ու մտածումները: Բայց այն, ինչ նա թողեց, կանցնի դարերին, կկրթի բազմաթիվ սերունդներ»:

Ավանդաբար Եղիշե Չարենցի հուշահամալիրի մոտ նրա ծննդյան օրը համախմբվում են չարենցապաշտներ, գրողներ, գրականագետներ ու ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ։

Այսօր, սակայն, պատկերը բոլորովին այլ էր՝ թերևս արդեն իսկ Հայաստանում տարածում առնող կորոնավիրուսի հետ կապված։ Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ իրենք նախապատրաստվել են տարբեր միջոցառումներ, բայց ըմբռնում են իրավիճակը և դրա հետ կապված մարդկանց մտահոգությունները. – «Այո, մենք միջոցառումներ նախատեսել ենք, բայց, ցավոք սրտի, ժամանակը իր հետ բերել է իր վտանգները։ Արգելվել են դասերը, և երեխաներին գովազդելը և բերելը ճիշտ չի լինի: Մենք կանենք այն, ինչ որ նախատեսել ենք, Չարենցի թանգարանի դռները միշտ բաց են»:

Գրողներից այսօր ներկա էր միայն բանաստեղծուհի Մանիկ Աճեմյանը, որն ընթերցեց մեծ պոետին նվիրված իր գրած բանաստեղծությունը։

«Չարենցը ուղեկից է յուրաքանչյուրիս, Չարենցը միշտ մեզ հետ է: Եվ ես նրա ուխտավոր հետևորդն եմ, ինչպես ամեն մեկս: Նրա պոեզիան ոգեկոչող է, պատրաստում է հզոր մի բանակ` ընթերցողների, կայացած քաղաքացու, հավատավոր մի բանակ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աճեմյանը:

Չարենցի հուշահամալիրի մոտ ամեն տարի Չարենցի անվան դպրոցի աշակերտներն էին արտասանում նրա բանաստեղծությունները՝ իրենց սերն ու հարգանքի տուրքը մատուցելով մեծ պոետին: Իսկ այսօր միայն Շենգավիթի թիվ 70 դպրոցի աշակերտներն էին ներկա` իրենց ուսուցչուհու գլխավորությամբ: Նրանք չարենցյան պոեզիայի հրաշալի հատվածներ արտասանեցին, ուսուցչուհին էլ երգեց Չարենցի ամենահայտնի բանաստեղծություներից մեկի հիման վրա ստեղծված երգը: