Կոնգրեսը սահմանափակեց Թրամփի ռազմական լիազորությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսը չորեքշաբթի օրը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում:

Փաստաթղթին կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 227 անդամ, կոնգրեսականներից 186-ը դեմ են քվեարկել:

Բանաձևը մասնավորապես արգելում է Սպիտակ տան ղեկավարին ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ առանց Կոնգրեսի նախնական հավանության:

Փաստաթուղթը շրջանառության մեջ էր դրվել հունվարի 3-ին ամերիկյան օդուժի կողմից Բաղդադում իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո։ Իրանը «դաժան» հակահարված էր խոստացել, Սպիտակ տան ղեկավարն էլ հայտարարել էր, որ Թեհրանի կողմից ամերիկացիների կամ ամերիկյան կառույցների վրա հարձակման դեպքում Միացյալ Նահանգները պատրաստ է հարվածներ հասցնել Իրանի 52 թիրախների։