«Կնոջական ցնորք, իմ Նավզիկե» խորագրով ցուցահանդես՝ Չարենցի տուն-թանգարանում

«Կնոջական ցնորք, իմ Նավզիկե», չարենցյան այս խորագրի ներքո այսօր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում մի շատ ուշագրավ ցուցահանդես բացվեց, որն իր գունագեղությամբ ասես ազդարարում է գարնան մուտքը մեծ բանաստեղծի հարկի ներքո։

«Ազատության» հետ զրույցի ընթացքում տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը շեշտում էր, որ ցուցահանդեսը շատ հետաքրքիր ընթացք է ունենալու և շարունակվելու է մինչև ապրիլի 7-ը, քանի որ այն նվիրված է կանանց միամսյակին. - «Այսօրվա ցուցահանդեսը նվիրված է Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին, չնայած ամսի 11-ին ենք բացել և «Կնոջական ցնորք, իմ Նավզիկե» վերնագիրն է կրում: Այստեղ 90 տոկոսը կանանց աշխատանքներ են, դրանք և՛ պրոֆեսիոնալ, և՛ ինքնուս աշխատանքներ են»:

Ցուցահանդեսում ներկայացված են քանդակներ, գեղանկարչական, կերամիկական, ձեռագործ գունեղ աշխատանքներ, լուսանկարչական աշխատանքներ ևս։ Ուշագրավ է, որ մեկամսյա այս ցուցադրությունը պարբերաբար փոփոխվելու է։ Թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանն ընդգծում է. - «Որոշ աշխատանքներ կգնան, ուրիշ աշխատանքներ կգան, որովհետև թիվը, ովքեր ուզում են ներկայացնել իրենց գործերը, շատ է, դրա համար աշխատանքները կփոփոխենք:

Բացի այդ էլ, որովհետև մենք որոշեցինք, որ այս մեկամսյակը կանանց է նվիրված, ուրեմն նաև փորձել ենք ներգրավել ասմունքողների, երգիչների, պարողների, որոնց համար առանձին միջոցառում կանենք, ասենք համերգային ծրագրով հանդես կգան: Մեկ ամիսը լիարժեք կանանց ներգրավվածությունն է Չարենցի տուն-թանգարանում»:

«Ազատության» հարցին, թե կա՞ն արվեստագետներ, որոնք առաջին անգամ են ցուցադրվում, նա պատասխանեց. - «Շատ և մեր աշխատակիցներն էլ են մասնակցել, որովհետև կին են, և բացի նրանից, որ Չարենցի տուն-թանգարանի աշխատակից են, նաև իրենց հոբբիներն ունեն, նաև ստեղծագործում են, օրինակ՝ Տոնոյան Սուսաննայի ձեռագործ աշխատանքներն են այստեղ»:

Ինչ վերաբերում է թանգարանի աշխատանքներին տարվա կտրվածքով, ապա տնօրենը հայտնեց, որ բավականին մեծ ծանրաբեռնվածություն կա. - «Շատ ժամանակ մենք չենք հասցնում, որովհետև միջոցառումները շատ են, և միջոցառումների որակը ի հաշիվ քանակի մի քիչ ընկնում է: Ես կարծում եմ, որ կարելի էր անել ամիսը մեկ և անել շատ լավը, լավագույնը»:

Անահիտ Ասատրյանն ասաց, որ այդ «մտածողությունը պետք է փոխվի», ինքը պատրաստվում է ԿԳՄՍ նախարարի հետ հաջորդ խորհրդակցությանն այդ հարցը բարձրացնել:

Այս տարի թանգարանը պատրաստվում է նաև երկու նոր ուշագրավ նախաձեռնությամբ հանդես գալ՝ մինչև տարեվերջ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կունենա թատրոն, որը հենց այդպես էլ կկոչվի՝ «Չարենցի» թատրոն, նաև թանգարանը կսկսի իր թերթը հրատարակել՝ զուգահեռ իրականացնելով նաև հրատարակչական ծրագրերը։

«Նոր գրքեր են լինելու, և բացի այդ, մենք պաշտոնաթերթն ենք արդեն բացում՝ Չարենցի տուն-թանգարանի պաշտոնաթերթը: Պիտի լինի և՛ թանգարանի կյանքը, և՛ դրա հետ միասին նաև գրողների, նկարիչների հետ հարցազրույցներ և ամեն ինչ, այսինքն՝ մշակութային օջախին հարիր տրամաբանությամբ պաշտոնաթերթ է լինելու: Դա թանգարանների համար երևի թե նորություն է: Հիմա պայմանավորվածություն ունենք այստեղ բացել «Չարենց» թատերախումբը, և լինի «Չարենցի» թատրոն», - հայտնեց նա՝ հավելելով, որ դա բոլորովին նոր թատերախումբ է լինելու՝ դերասանների նոր կազմով. - «Սկզբի համար երևի 6-7 հոգի կլինի, բայց դա փոփոխվող պրոցես է»:

Բայց, ինչպես ասում են, սա էլ սա էլ դեռ ամենը չէ։ Հենց այս օրերին Եղիշե Չարենցի տուն-թանգարանը ֆեյսբուքյան իր էջում գրական մրցույթի մասնակցելու հայտարարություն է հրապարակել: Տարբեր անվանակարգերում հաղթողներին սպասվում են. - «Որոշակի փոքրիկ դրամական նվեր-պարգևավճար, և դրա հետ միասին մենք ունենք Չարենցի շատ հետաքրքիր մեդալը՝ Չարենցի տուն-թանգարանի մեդալն է, և այդ մեդալով շնորհում ենք այն ստեղծագործողին, որը կհաղթի մրցույթում», - ներկայացրեց տնօրենը: