Հայաստանի սահմանների վրա կրակող Ադրբեջանը իրականում կրակում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ուղղությամբ, վստահ է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Երեկ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը: Սա այս ամսում ՀԱՊԿ անդամ Հայաստանի հետ սահմանին արդեն երկրորդ սրացումն է: Մարտի 6-ին էլ ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում, գործողության հետևանքով զոհվել էր ադրբեջանցի զինծառայող:
«Հայաստանի սահմանների վրա կրակող Ադրբեջանն իրականում կրակում է ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ուղղությամբ։ Սա շատ ավելի վերաբերում է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին և այս կառույցի հեղինակությանը քան Հայաստանին։ Հայաստանն իր հարցերը, ես վստահաբար ասեմ՝ կլուծի», - ասաց Բաբաջանյանը։
Ըստ վերլուծաբան Հակոբ Բադալյանի, Ադրբեջանի ակտիվացման մի քանի պատճառներ կան. Փաշինյան - Ալիև հանդիպում և այսպես կոչված Մյունխենյան սկզբունքներ, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանի միջոցով Ռուսաստանին հղված ուղերձ, որտեղ թիրախ է ընտրվել ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը:
«Կա՛մ Թուրքիան փորձում Ադրբեջանին օգտագործել Ռուսաստանի դեմ և նաև դա է պատճառը, որ հենց Հայաստանի սահմանների ուղղությամբ է ակտիվությունը, կա՛մ Ադրբեջանն ինքն է փորձում մտնել այդ խաղի մեջ՝ հասկանալով նաև, որ այդ հակամարտությունը իր համար բավական բարդություններ է խոստանում, հատկապես այն պայմաններում, երբ Երևանը Մյունխենի հանդիպումից հետո այդ հայտնի սկզբունքները մյունխենյան դրեց, որոնք բավական կոշտ սկզբունքներ էին, և այստեղ Ադրբեջանը փորձում է այսպես իր մասին հիշեցնել, հնարավոր է նաև այդ տարբերակը», - նշեց Բադալյանը։
Հայաստանը 1992 թվականի մայիսի 15-ից Ռուսաստանի ու ՀԱՊԿ այլ անդամ պետությունների հետ ռազմական դաշինքի մեջ է: ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածն ասում է, եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Տարիներ շարունակ Հայաստանում քննադատության է ենթարկվել հարցը, թե ինչու կազմակերպությունը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանի սահմանին տեղի ունեցող դեպքերին։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը նման քննադատության բացակայությունը պայմանավորում է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի փոփոխությամբ։
«Հայաստանի քաղաքական ուժերից որևէ մեկը չի հանդգնել դատապարտել ՀԱՊԿ-ի այս անգործությունն ու լռությունը մի պարզ պատճառով, որովհետև իր դիրքավորումը Հայաստանի ներքաղաքական այս ներկապնակում պայմանավորում է բացառապես Ռուսաստանի հետ հարաբերություններով և այդ հարաբերությունները չփչացնելու նպատակադրմամբ», - ասաց պատգամավորը։
Ըստ Բաբաջանյանի, Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին Ռուսաստանին անհարմար վիճակի մեջ չդնելու համար, քանի որ հասկանում է, որ կառույցում ավելի քիչ դաշնակիցներ ունի քան կազմակերպության անդամ չհանդիսացող Արդբեջանը: Բացի Ռուսաստանի ՀԱՊԿ անդամ են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:
«Հայ-ռուսական հարաբերությունների չիրացված շատ մեծ ներուժ կա և անհրաժեշտ է, որպեսզի մենք կենտրոնացնենք մեր ուշադրությունը հենց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ», - ընդգծեց Արման Բաբաջանյանը։
Ըստ վերլուծաբանի Հակոբ Բադալյանի, ՀԱՊԿ-ը չի ընկալվում որպես իրական ռազմաքաղաքական բլոկ և այստեղ էականը ոչ թե ՀԱՊԿ-ի ուղղությամբ հայացքներ նետելն է, այլ Վիեննային հայտնի օրակարգի պնդումը, որը ենթադրում է հրադադարի մեխանիզմների։ ներդրում:
«Ադրբեջանի այս կրակոցները պետք է անընդհատ ավելի ու ավելի դարձնել հենց այս օրակարգը հիշատակելու և պնդելու առիթ, օգտագործել հենց Ադրբեջանի դեմ, որովհետև մենք գիտենք և տեսել են, թե Բաքուն ինչպիսի մեծ վախով է մերժել Վիեննայի օրակարգը և մերժել է, ցավոք սրտի, նաև Ռուսաստանի աջակցությամբ դեռևս 2016 թվականից», - նշեց վերլուծաբանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ ևս շեշտադրվում է, որ ԼՂ հարցի կարգավորման խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է առաջմղման համար: