Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել այսօր Ադրբեջանի հետ պետական սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ՀՀ Զինված ուժերի պայմանագրային զինծառայող Զոհրաբ Սիանոսյանը:
Նշելով, որ զինծառայողը մահացու հրազենային վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից, և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնելով զոհվածի ընտանիքի անդամներին և հարազատներին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է. - «Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է միտումնավոր կերպով սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում»:
«Ադրբեջանի պարբերական փորձերը սրելու իրավիճակը Հայաստանի հետ պետական սահմանին, ընդլայնելու լարվածության աշխարհագրությունը և չկիրառելու առկա լարվածության նվազեցմանն ուղղված մեխանիզմները վկայում են, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ:
Ադրբեջանի նման գործողությունները փաստում են, որ ԼՂ խաղաղ գործընթացում ռիսկերի նվազեցման միջազգային մեխանիզմների ներդնումը կարևոր գերակայություն է, և այս ուղղությամբ առկա պայմանավորվածությունների կյանքի կոչումն անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի հետագա առաջմղման համար», - ասված է հայտարարությունում, որը հրապարակել է Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
Հիշեցնենք՝ դեռ 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 1994 թվականի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման մասին: