Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմարզի իսպանացի Խոակին Կապարոսը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի, ընտրանին այսուհետ կղեկավարի իսպանացի 64-ամյա մասնագետ Խոակին Կապարոսը։ Նրա հետ ՀՖՖ -ի կնքած պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը։

Ազգային հավաքականն առանց գլխավոր մարզչի էր մնացել փետրվարից, երբ ֆեդերացիան և Աբրահամ Խաշմանյանը երկկողմ համաձայնությամբ խզեցին պայմանագիրը։

Այն ժամանակ արդեն մարզական լրագրողներն ու երկրպագուներն խոսում էին այն մասին, որ նոր գլխավոր մարզիչն իսպանացի է լինելու, քանի որ ՀՖՖ տեխնիկական տնօրենը նույնպես այդ երկրից է։

Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Գևորգ Ղազարյանը գոհ է ՀՖՖ ընտրությունից. - «Որպես իսպանական ֆուտբոլի սիրահար, կարծում եմ, որ արդեն իսկ եթե դու մարզել ես «Սևիլիա»-ի պես ակումբի, իսկ նա ինչ էլ չլինի, եթե ինքը եվրոպական գրանդ չի, ապա գոնե եվրոպական ուժեղ ակումբներից մեկն է։ Եվ նրա աշխատանքը այդտեղ չգնահատել չի կարելի»։

Կապարոսը ֆուտբոլային աշխարհում հայտնի է իսպանական ակումբներ Բիլբաոյի «Աթլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում, և «Սևիլիա»-ում մարզչական աշխատանքով։ Նա «Սևիլիա»-ի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մասնագետն է։

Գևորգ Ղազարյան. - «Հարցը այն չէ, որ նա աշխատել է մեծ ակումբների հետ, այլ ավելի շատ այն, որ նա աշխատել է ֆուտբոլային ակումբների հետ, այլ ոչ թե հավաքականների։ Սա նրա առաջին փորձն է, իսկ դա շատ լուրջ և հիմնավոր տարբերություն է մարզիչների իրողությունում, քանի որ կան մարզիչներ, ովքեր մարզում են ակումբներ ավանդապես, կան նրանք, ովքեր մարզում են հավաքականներ։ Այստեղ դա է հիմական խնդիրը. պետք է հասկանալ, թե արդյոք Խոակին Կապարոսը կարող է իրեն գտնել նաև հավաքականի մարզչի կերպարում»։

64-ամյա Կապարոսը Մադրիդի «Ռեալ»-ի սան է, սակայն ֆուտբոլիստի կարիերան շուտ է ավարտել և 26 տարեկանում անցել մարզչական աշխատանքի։ Չնայած ակումբներ մարզելու մեծ փորձին նա իր ակտիվում մեծ նվաճումներ չունի։ 2000-ին «Սևիլիա»-ի հետ հաղթել է Իսպանայի երկրորդ լիգան՝ Սեգունդան, իսկ 2009-ին Բիլբաոյի «Աթլետիկ»-ի հետ հասել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է կատալոնական «Բարսելոնա»-ին։ Նույն տարում այս երկու ակումբները խաղարկել են նաև երկրի սուպերգավաթը, կրկին հաղթել են կապտանռնագույնները։

Երկրպագուների ՖԱֆ շարժման անդամ Մհեր Խուդավերդյանը հիշեցնում է, որ իրենք տարիներ շարունակ պնդում էին, որ ազգային հավաքականին օտարազգի անվանի ղեկավար է պետք. - «Եթե ֆեդերացիան որդեգրել է իսպանական մոդելը ֆուտբոլի, շատ լավ է, որ մարզիչը ունի աշխատելու փորձ Մելենդեսի հետ, ու միասին կարող են հավաքականը հասցնել նոր մակարդակի»։

Խուդավերդյանի խոսքով, այն հանգամանքը, որ Կապարոսն անվանի մասնագետ է և անցած ճանապարհ ունի, դրական կանդրադառնա ֆուտբոլիստների վրա. - «ֆուտբոլիստները գիտեն, որ իրենց ընտրությունը արդեն չի լինելու նրա համար, որ իրենց անուն ունեն ու միշտ խաղացել են հավաքականում, այլ գալու է Կապարոսը և ընտրելու է ֆուտբոլիստներին՝ ըստ տվյալ պահին իրենք մարզավիճակի, ցուցադրած խաղի։ Դա շատ կարևոր է։ Եվ երկրորդը, իսպանական ֆուտբոլի մոդելը մեր հավաքականում, մեր ունեցած ֆուտբոլիստներով շատ լավ կաշխատի, որովհետև շեշտը իսպանական ֆուտբոլում միշտ դրվել է կիսապաշտպանության վրա, իսկ մեր հավաքականի ամենուժեղ կողմը հենց կիսապաշտպանությունն է»։

Կապարոսը «Սևիլիա»-ում աշխատելու տարիներին հասցրել է մարզել մի քանի մեծանուն ֆուտբոլիստների՝ Սերխիո Ռամոսին, Ադրիանոյին, Ժուլիո Բապտիստային, Դանի Ալվեսին։

«Սևիլիա»-ի պաշտոնական կայքին Կապարոսն ասել է, որ «Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը ստացել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսից, նա ընդունել է աշխարհի 2022 թվականին առաջնություն դուրս գալու մարտահրավերը. - «Հեշտ որոշում չէր։ Շատ եմ մտածել, բայց ընդունեցի առաջարկը՝ աշխատանքիս հանդեպ իմ ունեցած սիորց դրդված»։

Ի դեպ, Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչն արյան քաղցկեղ ունի, որ դեմ պայքարում է արդեն մի քանի տարի։