Դատական օրենսգրքի փոփոխություններով կավելանան դատավորներին պատասխանատվության կանչելու հնարավորությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, արխիվ

Դատական օրենսգրքում փոփոխությունները, որ առաջին ընթերցմամբ ընդունվել են, իսկ երկրորդ ընթերցմամբ դեռ պետք է քննարկվեն, ավելացնում են դատավորներին պատասխանատվության կանչելու հնարավորությունները: Նախ, առանձին նոր կետով սահմանվում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած որոշումը, որով արձանագրվում է, որ Հայաստանը խախտել է ստանձնած միջազգային պարտավորությունները: Բացի այդ, ավելացվում է կարգապահական վարույթ հարուցելու ժամկետը. գործող օրենքով վարույթ չի կարող հարուցվել, եթե դատական ակտը ուժի մեջ մտնելուց անցել է 5 տարի, իսկ նոր օրինագծով այդ ժամկետը 8 տարի է:

Սա, ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, հնարավորություն կտա, որ նաև ՄԻԵԴ որոշումների հիմքով դատավորների նկատմամբ հարուցվի կարգապահական վարույթ։

«Այսինքն՝ եթե ՄԻԵԴ-ը վճիռ կայացնի որևէ գործով, որով նաև հետագայում կբացահայտվի դատավորի կողմից նման ակնհայտ կոպիտ խախտման փաստը հնարավոր կլինի կարգապահական վարույթ հարուցելը։ Նորամուծությունը հիմնականում կապված է այդ դեպքում կարգապահական վարույթի ժամկետի հետ։ Ե՞րբ է հնարավոր անդրադառնալ խնդրին, 8 տարի ժամկետն է ընտրվել», - նշեց Բադասյանը։

Այս կարգավորումները, սակայն, հետադարձ ուժ չունեն, այսինքն՝ չեն վերաբերում, օրինակ,Հյուսիսային պողոտայի սեփականության գործերով կամ Մարտի 1-ից հետո ՄԻԵԴ որոշումներին, դրանք չեն կարող հիմք դառնալ, որ այդ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի: Բայց արդարադատության նախարարն ասում է՝ անցած տարիներին մարդու իրավունքների զանգվածային խախտումներին կանդրադառնան նոր պատրաստվող օրինագծով՝ փաստահավաք խմբերի մասին։

«Այս կոնտեքստում հարց է առաջանում՝ բա ի՞նչ է լինում բոլոր այն դատավորների հետ, ովքեր մեկ ոստիկանի ցուցմունքով անձին դատապարտել են, հետագայում ՄԻԵԴ-ն արձանագրել է կոնվենցիայի խախտում այս կամ այն հոդվածով, բոլոր նմանատիպ դեպքերի համար մենք, նախ, գործող Սահմանադրությամբ խնդիր ունենք՝ նման դրույթներին հետադարձ ուժ տալու առումով։ Երկրորդը՝ փաստահավաք խմբերի մասին օրենքի նախագիծը հիմա մշակվում է Արդարադատության նախարարության կողմից, և բոլոր այն դեպքերում, երբ որ տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, հնարավորություն կլինի այդ փաստահավաք խմբերի միջոցով վերհանել խնդիրները և մտածել ոչ թե անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, այլ տուժողների խախտված իրավունքները վերականգնելու տարբեր մեխանիզմների մասին», - ասաց Ռուստամ Բադասյանը։

Օրինագծում նորամուծություն է նաև դատավորների գործունեությունը վերահսկող հանձնաժողովներում՝ քաղաքացիական հասարակության կողմից առաջարկվող գիտնական - իրավաբանների առկայությունը: Գործող օրենքով այդ հանձնաժողովները բաղկացած են դատավորներից, իսկ առաջարկվող փոփոխություններով յուրաքանչյուր հանձնաժողովի կազմում կլինի նաև 2 իրավաբան - գիտնական անդամ, որոնց կառաջարկի քաղաքացիական հասարակությունը:

«Այդ հանձնաժողովների ներառական կազմն ապահովելով, կարծում ենք, ավելի էֆեկտիվ կարգապահական վարույթ հարցելու դեպքեր կունենանք, այդ գործառույթը կբարելավվի, և, իհարկե, գույքային դրության ստուգման հայտարարագրերի վերլուծության արդյունքում հնարավոր է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել, որը ևս մեկ նորամուծություն է», - նշեց արդարադատության նախարարը։

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ 6 էջերի վրա ներկայացնելով իրենց տեսակետն ու առաջարկները՝ նրանք ընդհանուր առմամբ համարում են, որ դատական համակարգի վեթինգի հարցն այս նախագծով չի լուծվի։

«Երբ որ մենք խոսում ենք վեթինգի մասին, ապա վեթինգի հիմնական իմաստը պետության բռնազավթման ժամանակահատվածում դատական իշխանության պատասխանատուներից ազատվելու խնդիրն է, ոչ թե քրեական պատասխանատվության, այլ դատավորների, որոնք իրենց որոշումներով մասնակից են եղել և դատական ակտերով ամրագրել են պետության զավթման ամեն մի գործընթացը։ Այս առումով Հետադարձ ուժի սկզբունքը տվյալ դեպքում չի կարող դիտարկվել, այլ պետք է դիտարկվի դատական իշխանությունը անբարեխիղճ, արդարադատության դեմ որոշում կայացրածներից ազատվելու խնդիրը, որը ավելի մեծ, հանրային շահ է հետապնդում, քան հետադարձ ուժի սկզբունքը, որը կարող է կիրառելի լինի, երբ որ ունես արդեն կայացած դատական անկախ իշխանություն», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Ինչ վերաբերում է հանձնաժողովներում բացի դատավորներից գիտնական - իրավաբանների առկայությանը, ապա Սաքունցն ասում է՝ գիտնական - իրավաբանների թիվն այդ հանձնաժողովներում ավելի մեծ պետք է լինի, որպեսզի նրանք կարողանան ազդել որոշումների կայացման գործընթացի վրա։

«Պատկերացրեք՝ դատավորների իրենք իրենց կոլեգաների նկատմամբ կարգապահական վարույթ քննելու հետ կապված կան շատ մտահոգիչ կամ խնդրահարույց հարցեր», - նշեց Սաքունցը։