«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքով պաշտպանվում են բարեխիղճ ձեռք բերողների շահերը». Բադասյան

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն այսօր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է։

«Ազատությունը» Բադասյանի հետ զրուցեց նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրինագծի մասին։

Ստորև ձեզ ենք ներկայացնում հաղորդումից մի հատված.

«Ազատություն». – Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցնում է՝ «ինչպես հասկացել եմ, ապօրինի հարստացման նախագծի արդյունքում կարող է այնպես լինել, որ օրինակ՝ աշխատող գործարանը և գույքը բռնագանձվի հօգուտ պետության, պետությունը պատրա՞ստ է շահագործել այդպիսի գործարաններ, որպեսզի աշխատատեղեր չփակվեն, և առհասարակ իշխող ուժն ի՞նչ քաղաքականություն է որդեգրելու այդ գույքի նկատմամբ»։

Բադասյան. – Երկու բառով օրինագծի մասին. ինքը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական միջոցն է, որը կառավարությունը որդեգրում է, երկար տարիներ մեր բազմաթիվ գործընկերներ կոչ են արել ներդնել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտը։ Ինչո՞ւ, որովհետև քրեական դատավարության գործիքները շատ հաճախ բավարար չեն լինում անձի մեղավորությունը, այս կամ այն հանցագործությունը ապացուցելու համար, որովհետև բավական բարձր ապացուցման շեմ է դրված, սակայն դա չի վերաբերում, բնականաբար, գույքի ծագմանը և նման կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքի տնտեսական շրջանառությունից հանելուն ու դա օրինական շրջանառության մեջ կրկին դնելու հանգամանքներին։ Դրա համար առաջացել է այս գործիքը, որ եթե անձի մեղավորությունը կամ ինչ-որ պատճառով ընդհանրապես քրեական հետապնդումը հնարավոր չի սկսել, օրինակ՝ անձը մահացել է, բայց ամեն դեպքում ապօրինի ծագում ունեցող գույք կա, և քաղաքացիական դատավարության շրջանակներում քաղաքացիական դատավարությանը բնորոշ ապացուցման ստանդարտներով հնարավոր է լուծել այդ գույքի ճակատագիրը, հնարավոր լինի այս գործիքով բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը։

«Ազատություն». – Որը կարող է լինել ինչպես առանձնատուն, այնպես էլ գործարա՞ն։

Բադասյան. – Այստեղ սխալ հաղորդագրություն չհղելու համար գործարար աշխարհին, պետք է նշել, որ օրենքով բավական բարձր ձևով պաշտպանվում է բարեխիղճ ձեռքբերողների շահերը։ Այսինքն՝ եթե անձը ձեռք է բերել գույք՝ չիմանալով նրա մասին, որ դա հավանական կոռուպցիոն գործարքով է ձեռք բերվել սկզբնական վաճառողից, վերջինից այդ գույքը չի կարող բռնագանձվել։

«Ազատություն». – Կարող է չէ՞ լինել տեսականում այդպիսի իրավիճակ, որ որևէ մեկը որպես կաշառք նվեր է ստացել, ենթադրենք, աշխատող հյուրանոցային համալիր, դա բռնագանձվում է պետության կողմից, օգտատիրոջ հարցը հետևյալն է՝ արդյոք պետությունը հետագայում կարողանալո՞ւ է կառավարել այդպիսի գույքը։

Բադասյան. – Պետք է կարողանա կառավարել նման գույքը։ Կախված գույքի տեսակից, առանձնահատկություններից պետք է աճուրդով օտարում լինի կամ պետք է այլ եղանակների մասին մտածի։ Մեր օրենքի գլուխներից մեկը կապված է գույքի կառավարման հետ խնդիրներին, իհարկե, մենք Հայաստանում արդեն ունենք գործող օրենսդրություն, և իրավապահ մարմինները դրանով զբաղվում են։

«Ազատություն». – Պարոն Բադասյան, իսկ նախագիծը ժամանակային որևէ սահմանափակում նախատեսո՞ւմ է, թե որ թվականից սկսած ձեռք բերված գույքը և այլն։

Բադասյան. – Ուսումնասիրման ժամկետը սահմանված է 91 թվականից այս կողմ, բայց Ազգային ժողովում ես հայտարարեցի, որ մենք կքննարկենք, որովհետև մի քանի անգամ փոփոխություն է եղել ուսումնասիրության ժամկետների հետ կապված։ Մեր վերջնական ժամկետը, կարծում եմ, կլինի 10 տարի։

«Ազատություն». – Որպեսզի համապատասխան մարմինները ուսումնասիրություն սկսեն՝ հասկանալու՝ որևէ ներկա կամ նախկին պաշտոնյայի գույքը ապօրինի է, թե ոչ, արդյոք պե՞տք է ազդարարող լինի այդ մասին, ի՞նչը պետք է լինի այն սկզբնական ազդակը, որ այստեղ խնդիր կա։

Բադասյան. – Մի քանի հիմք է սահմանված, նախ՝ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ Ես ասացի՝ ինքը քաղաքացիական դատավարության գործիք է, բայց ազդակները հիմնականում գերակշիռ մեծամասնությամբ կապված են քրեական գործի հետ։ Կան առանձին տեսակի հանցագործություններ, որոնք սահմանված են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով՝ հղում է կատարվում Քրեական օրենսգրքին, եթե այդ հոդվածներից մեկով մեղադրական դատավճիռ կա կամ մեղադրանք է առաջադրվել այս կամ այն անձին կամ հնարավոր չի եղել քրեական հետապնդումը շարունակել, ապա բոլոր նմանատիպ դեպքերը ազդակ են հանդիսանում ուսումնասիրությունը սկսելու համար, իհարկե, եթե ուսումնասիրությունը սկսելու պահին կարելի է ենթադրություն կատարել, որ հնարավոր բռնագանձման գույքը կարող է գերազանցել 25 միլիոն դրամը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.