Մարտի 7-ից ՀՀ այցելելու համար Իրանի քաղաքացիները պետք է ունենան մուտքի արտոնագիր. ԱԳՆ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 7-ից Հայաստան այցելելու համար Իրանի քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ժամանակավորապես կասեցվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» հուշագիրը: ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ս.թ. մարտի 7-ից ՀՀ այցելության նպատակով ԻԻՀ քաղաքացիներին անհրաժեշտ է նախապես ունենալ մուտքի արտոնագիր, որի համար անհրաժեշտ է դիմել օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություններ/հյուպատոսական հիմնարկներ կամ մուտքի արտոնագիրն ստանալ E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով», - ասված է հայտարարությունում:

Արտաքին գործերի նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է, որ Իրանում Հայաստանի դեսպանությունը աշխատում է արտակարգ ռեժիմով, ուստի ժամանակավորապես դադարեցվել է հյուպատոսական ընդունելության մատուցումը, և Իրանի տարածքում ՀՀ մուտքի արտոնագիր հնարավոր է ստանալ միայն E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով: