Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով Եվրոպական խորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների միջև սերտ ու ակտիվ համագործակցությունը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Դոնալդ Տուսկն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ ողջունել Ձեզ իմ նոր պաշտոնում, բայց հին ավանդական ընկերությամբ: Եվ խոսքը ոչ միայն Ձեր, այլև Հայաստանի հետ մեր ավանդական բարեկամության մասին է: Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում»: ԵԺԿ նախագահն ընդգծել է, որ Եվրոպայում, այդ թվում տեղի հանրության և քաղաքական գործիչների շրջանում ՀՀ նոր իշխանությունների և անձամբ ՀՀ վարչապետի նկատմամբ առկա է բարձր վստահություն, ինչը քաղաքական կարևորագույն կապիտալ է:
Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Վստահ ենք, որ ԵԺԿ նախագահի պաշտոնում ևս կնպաստեք համագործակցության հետագա զարգացմանն ու առաջընթացին»:
Վարչապետն անդրադարձել է երկրում իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքին, այդ թվում՝ առաջիկա Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հանգամանքներին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցող հետևողական գործընթացների շուրջ:
ԵԺԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել նպաստել Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Ավելի վաղ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հետագա քայլերը։