Ում է տալու իր քվեն ֆրանսահայ ընտրողը մարտի 15-ին և 22-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի` քաղաքապետի ընտրություններում: Այս հարցին պատասխան են տվել ֆրանսահայ կազմակերպությունները` բացահայտելով թեկնածուների վերաբերմունքը գլխավորապես Հայկական հարցի շուրջ:
Հայ դատի հանձնախումբն օրերս հրապարակած հաղորդագրությամբ կոչ է արել համայնքին իր քվեն տալ այն քաղաքապետերին, որոնք բարեկամության համաձայնագրեր են կնքել Արցախի հետ, պահպանել դրանք չնայած իրենց դեմ բացված վարչական դատարանների հետապնդումներին, քվեարկել նաև ի նպաստ Ֆրանսիայի երկրորդ քաղաքի` Մարսելի քաղաքապետի թեկնածու Մարտին Վասալի օգտին, ով խոստացել է ընտրվելու դեպքում բարեկամության հայտարարություն ստորագրել Արցախի հետ:
Ֆրանսիայի իր մեծությամբ ու կարևորությամբ երրորդ քաղաքում` Լիոնում, Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ձայն տալ Ժորժ Քեփենեկյանին, ինչպես նաև ընդհանուր առմամբ բոլոր մեծ քաղաքների ղեկավարներին, որոնք իրենց մշտական ավանդն են բերել Հայ դատի պաշտպանությանը:
Ինչ վերաբերում է մայրաքաղաք Փարիզին, ուր մրցակցության մեջ են այժմյան քաղաքապետ և համայնքի հավատարիմ բարեկամ Անն Իդալգոն և Հանրապետականի թեկնածու Ռաշիդ ալ Դատին, Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ձայն տալ առաջինին և բոյկոտել երկրորդին: Վերջինս հայտնի է Ադրբեջանի կոռումպացված ղեկավարների հետ իր կապերով:
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը «Արևելքի քրիստոնյաների պաշտպանության կազմակերպության» նախագահ Պատրիկ Քարամի հետ միասին շաբաթաթերթերից մեկում օրերս հանդես են եկել մի գրությամբ, որի մեջ ահազանգ են բարձրացրել Ռաշիդ ալ Դատիի թեկնածության շուրջ:
«Այդ թեկնածությունը չի համապատասխանում մեր արժեքներին և անհանգստություն է առաջացնում Հայոց ցեղասպանության ժառանգների, արևելքի քրիստոնյաների և մարդու իրավունքների պաշտպանների մոտ և հեղինակազրկում Փարիզին միջազգային հանրության մոտ», - նշել են գրության հեղինակներն անդրադառնալուց հետո այն բազմաթիվ քայլերին, որոնցով վերջին 10 տարիների ընթացքում Փարիզի 7-րդ թաղամասի այժմյան քաղաքապետ ալ Դատին ցույց է տվել իր հավատարմությունն Ադրբեջանի ղեկավարներին:
Գրության հեղինակները մատնանշել են 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռաշիդ ալ Դատիի կողմից ստորագրված այն գրությունը, որի մեջ իր պաշտպանությունն է հայտնել Ադրբեջանի ղեկավարներին ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության: Այս ամենն առաջ է բերել նաև մի հարցադրում գրության հեղինակների մոտ այն մասին, թե վերոհիշյալ թեկնածուի ընտրվելու դեպքում Փարիզի քաղաքապետարանը կշարունակի արդյոք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա արարողությունները` նկատի ունենալով, որ ինչպես Էրդողանի, այնպես էլ Ալիևի համար Թուրքիան և Ադրբեջանը նույն ժողովուրդը ներկայացնող երկու պետություններ են:
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհդի համանախագահները շաբաթաթերթի իրենց ստորագրած գրության մեջ կոչ են արել Փարիզի քաղաքապետի թեկնածուին պատասխանատվություն ստանձնել և վերջ դնել Ադրբեջանի հետ իր այդ հարաբերություններին: