Մանկան տանը շատ փոքրիկներ մի քանի ամսականից սովորում են օրորել իրենք իրենց։ Այստեղ 70 երեխա է խնամվում, նրանց մեծ մասից ծնողները հրաժարվել են, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեն:
«Գերակշռում են կենտրոնական նյարդային համակարգի կողմից շեղումներ ունեցող երեխաներ, զարգացման բնածին արատով երեխաներ ունենք և գենետիկ հիվանդություններ», - ասաց Մանկան տան մանկաբույժ Մելանյա Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը թվարկեց փոքրիկների հիմնական խնդիրները։ Դրանք տեղացի որդեգրողների համար անլուծելի, մեծ ու անընդունելի խնդիրներ են։ Հայաստանում, ինչպես վիճակագրությունն է ցույց տալիս, հաշմանդամություն ունեցող փոքրիկներ գրեթե չեն որդեգրվում. վերջին 10 տարում ընդամենը 6 երեխա է նոր ընտանիք ունեցել։
«Ցավոք սրտի, թիվը գրեթե ամեն տարի զրո է գնում», - նշեց մանկաբույժը։
Սոցապ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանն ասում է՝ տարիներ շարունակ Հայաստանում օտարերկրյա որդեգրումների թվերն են բարձր եղել։ Ի՞նչ պատկեր է այսօր, արդյո՞ք ապօրինի որդեգրումների քրեական սկանդալն ազդել է որդեգրումների ընթացքի վրա, Քալանթարյանը պատասխանեց. «Թվային տվյալները ցույց են տալիս, որ ազդել է»։
Քրեական պատմության ազդեցությունը նկատելի է դարձել դեռ նախորդ տարվանից։ 2019-ին ընդամենը 19 երեխա է որդեգրվել՝ տեղացիների ու օտարերկրացիների կողմից։ Որպեսզի տարբերությունը պարզ դառնա, տեսնենք, թե տարիներ առաջ ինչ պատկեր էր։
«2008 թվականին միջազգային որդեգրման է գնացել 96 երեխա, մինչդեռ տեղացիների կողմից որդեգրվել է ընդամենը 52-ը», - հայտնեց Սոցապ նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը։
Այս տարի որդեգրումներ չեն եղել, բայց կան ընթացքի մեջ գտնվող մի քանի գործեր։ Մանկան տան տնօրենի պարտականությունները կատարող Գայանե Սարգսյանն ասում է՝ կան ընտրված փոքրիկներ։
«Երկու հոգի են այս պահին, որ գալիս են երեխաներին տեսակցության՝ իրենց ընտրած», - նշեց Սարգսյանը։
Դաունի համախտանիշով շեկլիկ աղջնակից կենսաբանական ծնողները հրաժարվել են։ Նրան տեսել, սիրել է ամերիկացի զույգը, ապագա ծնողները որդեգրման ընթացակարգի ավարտական փուլում են, աղջնակը Միացյալ Նահանգներ կգնա։ Մանկան տան բժիշկները տարիների փորձով են ասում՝ օտարերկրյա որդեգրումները նկատելի նվազել են, առողջական խնդիր ունեցող փոքրիկների բուժում ստանալու, ընտանիքում մեծանալու շանսերը հիմա մեծ չեն։
«Մենք ուրախանում ենք, երբ որ էդ հիվանդ երեխաներն են գնում, որովհետև որ այստեղ՝ մեր մանկատներում, որ մեծանում են, գնում են ավելի մեծ մանկատներ, էդ մանկատանն ի՞նչ է լինելու իրենց ապագան», - ասաց բժշկուհիներից մեկը։
Մանկան տան բժշկուհիներից մեկը հիշում է՝ առողջական ծանր խնդիր ունեցող մի փոքրիկ օտարերկրյա որդեգրման պիտի տրվեր, մինչև գործընթացի ավարտը նրա վիճակը շատ ավելի վատացավ, և երբ այդ մասին տեղեկացրին օտարերկրացի որդեգրողներին՝ ապշեցին պատասխանից. «Ուրեմն նա մեր կարիքն ավելի շատ է զգում»։
Ապօրինի որդեգրումների գործը զգալի կրճատել է օտարերկրյա որդեգրումների թիվը, միևնույն ժամանակ, այս տարի թեպետ առայժմ տեղական որդեգրումներ էլ չեն եղել, սակայն Մանկան տանը մեր նկարահանման պահին կային փոքրիկներ առանց որևէ առողջական խնդիրների, և սա այս հաստատության համար աննախադեպ է։
Տարիներ շարունակ Սոցապ նախարարությունը հայտարարում էր՝ որդեգրման ենթակա երեխաների բազայում առողջ նորածին չկա։ Այժմ նրանք կան՝ ինչպե՞ս, որդեգրման պրոցեսի ո՞ր մութ խողովակով են նախկինում անցել առողջ նորածինները, այս հարցի պատասխանը քրեական տիրույթում է։
Սոցապում նկատել են՝ տարիներով երեխայի սպասող քաղաքացիները այժմ ավելի ակտիվ են դիմում իրենց։ Երեխա որդեգրելը, Անահիտ Քալանթարյանի տպավորությամբ, այժմ անհասանելի մի բան չէ։
«Մարդկանց մեջ վերջապես այդ հույսն արթնացել է, որ որդեգրումն ընթացակարգով է սահմանված, որդեգրողները ընտրյալները չեն», - նշեց Քալանթարյանը։
Մանկան տան միջանցքում իր ապագա որդուն էր գուրգուրում Կարինեն, շատ շուտով 11 ամսական պստիկին տուն կտանի, առայժմ որդեգրման գործընթացը չի ավարտվել։
«Դիմել եմ քաղաքապետարան մեկ տարի առաջ, քաղաքապետարանն ինձ տվյալներ է տրամադրել, ես տեսել եմ իմ ճուտիկի տվյալները, եկել եմ ճուտիկիս տեսել եմ, առաջին հայացքից շատ հավանել ենք իրար՝ ինքը մեզ, մենք իրան», - ասաց Կարինեն։
Ամեն օր մանկատուն է գալիս, ժամանակ անցկացնում որդու հետ, հեռանում դժվարությամբ. «15 օրից հետո իմն է լինելու արդեն»։
Մանկան տանը առողջական խնդիրներ չունեցող մի քանի նորածիններ էլ կան, որդեգրել ցանկացողները նրանց արդեն ընտրել են և առողջ բալիկները շուտով ընտանիքներ կունենան։ Իսկ մյուսները՝ բուժելի ու անբուժելի հիվանդություններով, շարունակելու են օրորել իրենք իրենց։ Նրանց տուն տանող չկա։