Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում:
35 տարի շարունակ Թուրքիայում անցկացվող ֆոտոլրագրության ոլորտում Տարվա լավագույն լուսանկարների մրցույթին այս տարի շուրջ 6 հազար աշխատանք է մասնակցել: 7 անվանակարգերում 34 լուսանկար և 7 ֆոտոշարք մրցանակներ են ստացել:
Դիմանկար անվանակարգում հաղթած Demirören լրատվական գործակալության ֆոտոլրագրող Ջան Էրոքի հեղինակած լուսանկարում պատկերված է Պոլսո 85-րդ պատրիարք Սահակ Մաշալյանի արտացոլանքը 64-րդ պատրիարք Հակոբոս Սերոբյանի դիմանկարի մեջ:
Հակոբոս Գ Սերոբյան պատրիարքը երկու շրջան է պաշտոնավարել՝ 1839-1840 և 1848-1858 թվականներին, նրա օրոք է կառուցվել Ստամբուլի Քընալը կղզու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին:
Ուշադրության է արժանացել նաև վախճանյալ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի թաղման արարողության տպավորիչ լուսանկարը:
Մրցույթում հաղթած լուսանկարներից մեկն էլ ստացել է մեծանուն պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի անվան հատուկ մրցանակ:
45 հազար թուրքական լիրա մրցանակային ֆոնդ ունեցող մրցույթի հաղթողները իրենց մրցանակները կստանան հունիս ամսին: Թուրքիայի ֆոտոլրագրողների միության նախաձեռնած մրցույթի հոբելյանական 35-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: