Մատենադարանը հանրությանը ներկայացրեց հայերեն թղթյա ամենահին ձեռագիրը

Վերջին երկու տարում Մաշտոցի անվան հին ձեռագրատան վերականգնման բաժնում հիմնովին նորոգվելուց հետո այսօր Մատենադարանում հանրությանը ներկայացվեց հայերեն թղթյա ամենահին ձեռագիրը, որը ստեղծվել է 981 թվականին։

Ինչպես այսօր այս բացառիկ ցուցադրութան առթիվ իր խոսքում շեշտեց Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը, փաստորեն վերականգնումից հետ հնարավորություն է ստեղծվել այս բացառիկ ձեռագրին երկրորդ կյանք տալ. - «Ես չեմ խուսափում այս բառը ասել։ Այս ձեռագիրը հիմա երկրորդ կյանք ստացավ»։

981 թվականին ստեղծված այս բացառիկ ձեռագիրը երկու առանձին ժողովածուներից է բաղկացած։ Այն հատկապես աչքի է ընկնում հարուստ բովանդակությամբ։ Ժողովածուի առաջին հատվածում ընդգրկված են գիտական և պատմական նյութեր, երկրորդ մասում՝ դավանաբանական։

Ձեռագիրը 981 թվականին կազմել է Դավիթ քահանան, իսկ գրիչը նրա որդի Ղուկասն է։ Ուշագրավ է , որ ի սկզբանե մոտ 450, ներկայումս 360 թերթերից բաղկացած այս ձեռագիրը ներկայացնում է անտիկ շրջանից եկող հեղինակների ստեղծագործություններից դավանաբանական, աստվածաբանական , տոմարագիտական, տիեզերաբանական, աշխարհագրական, փիլիսոփայական, անգամ գեղարվեստական կարևորագույն հատվածներ, առանձին երկեր, նաև հանելուկներ։ Այս չափազանց ուշագրավ ձեռագրում տեղ են գտել Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու , Անանիա Շիրակացու և միջնադարյան այլ հեղինակների երկերից հատվածներ։

«Մատենադատարանի պատմության մեջ առաջին անգամ է, որ կազմակերպվում է մեկ ձեռագրի ցուցահանդես։ Բայց այդ ձեռագիրը շատ բացառիկ է, շատ արժեքավոր է, հնագույն ձեռագիրն է, որ ամբողջովին բոլորգիր գրչությամբ է գրված։ Բնագրում ժողովածուներից մեկն է, որը ընդգրկում է տարբեր նյութեր, այսինքն հատուկ նպատակով կազմված ժողովածու է։ Դրա հրատարակության ժամանակ այսպիսի մի պայմանական անվանում ընտրվեց՝ «Մատյան գիտության և հավատո», որովհետև ընդգրկված են գիտությանը և դավանանքին վերաբերող նյութեր։ Ձեռագիրը բացառիկ է նաև նրանով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թուղթը պատրաստված է Հայաստանում։ Այսինքն սրանով մենք նաև թուղթ ունեցող հնագույն ժողովուրդներից մեկն ենք չինացիներից, արաբներից և հույներից հետո։ Ձեռագրի մեջ ընդգրկված են նյութեր շատ տարբեր դարաշրջանների հեղինակներից, անգամ անտիկ հեղինակներից, օրինակ, Արիստոտել, Աթենաս Ալեքսանդրացի, Եվսեբիոս Կեսարացի, Հովհան Ոսկեբերան, շատ հին հեղինակներ, նաև հայ հեղինակներ՝ Մովսես Խորենացի, Եղիշե, Վրթանես Քերթող, տասնյակ հեղինակների գործեր։ Այստեղ կան հատվածներ Անանիա Շիրակացու աշխատություններից, որոնք ուրիշ տեղ չկան, կան հատվածներ Մովսես Խորենացու «Պատմության» չորրորդ գրքից, որոնք ուրիշ տեղ չկան», - նշեց Կարեն Մաթևոսյանը։

Ուշագրավ է , որ դեռ 1981 թվականին՝ ձեռագրի ստեղծման 1000-ամյակի կապակցությամբ Մատենադարանի տնօրինության որոշմամբ Կարեն Մաթևոսյանի հայրը, Մատենադարանի երկարամյա գիտաշխատող, ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանը ձեռնամուխ է լինում մի չափազանց աշխատատար գործի՝ ձեռագրի ուսումնասիրությանն ու վերածնմանը, և տարիների տքնաջան աշխատանքից հետո , արդեն անկախության տարիներին՝ 1995 և 1997 թվականներին երկու մեծադիր հատորներով հրատարակում է ձեռագրի նմանահանությունը՝ իր գիտական վերլուծությամբ և վերծանմամբ։

Իսկ վերջին երկու տարիների վերականգնումից և հանրությանը ներկայացվելուց հետո ձեռագիր այս մատյանը կրկին կշարունակի իր պատմական ուղին։

«Անցան տարիներ, և մեր ռեստավրացիոն բաժնի հնարավորություններն այնքան մեծացան, այնքան կատարելագործվեցին... պահանջ առաջացավ, որպեսզի այս ձեռագիրը նորոգվի, որովհետև այն ժամանակ, երբ որ հազարամյակը լրացավ, այդ տեխնոլոգիաները չկային, վերականգնման այդ ձևը չկար։ Բարեբախտաբար, հիմա այդ բանը հնարավոր եղավ անել, և մեր վերականգնման բաժնի աշխատողների ջանքերով, մասնավորապես Արթուր Պետրոսյանը երկու տարի աշխատել է այս ձեռագրի վերականգնման վրա, հնարավոր եղավ ձեռագիրը վերականգնել, ամրացնել։ Մեկ ամիս դեռ կցուցադրենք, որից հետո այն կկազմվի և կգնա Մատենադարանի պահոց», - ասաց Կարեն Մաթևոսյանը։