Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կհրապարակի իր որոշումը, որից պարզ կդառնա՝ կշարունակի՞ քննել, թե՞ ոչ սահմանադրական կարգը տապալելու գործը, որով առանցքային մեղադրյալներ են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա երեք նախկին ենթակաները։
Քոչարյանի պաշտպաններն էին դիմել դատարան՝ խնդրելով Աննա Դանիբեկյանին հրաժարվել այս գործի քննությունից, քանի որ, իրենց պնդմամբ, դատավորը անաչառ չէ։
Նրանք անցած ամիսների ընթացքում արդեն երկու ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին, երկուսն էլ Աննա Դանիբեկյանը մերժել է։
Անցած դատական նիստին էլ փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանը կրկին միջնորդեցին դատարանին ինքնաբացարկ հայտնել։
Ալումյանը պնդեց, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իշխանությունն Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի նման դատավորների է նախընտրում։ Դանիելյանն անցած ամռանը Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Ալումյանը նաև ներկայացրեց բոլոր այն օրինակները, երբ, ըստ իրենց՝ իշխանությունը վարչապետի մակարդակով փորձում է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Խոսքը նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների մասին է։ Դրանք առնչվում էին Քոչարյանի քրեական գործին։
Փաստաբանի խոսքով՝ այսպիսով խախտվում է Եվրոպական կոնվենցիայի արդար դատաքննության իրավունքը. - «Որ ներկա քաղաքական իշխանությունները, լինի դա վարչապետը, լինի դա իշխանական թևի պատգամավորը, լինի վարչապետի օգնականը կամ նրան սպասարկող այլ անձինք... այդ բոլոր անձինք ուղղակիորեն շահագրգռված են, որ պարոն Քոչարյանը մնա կալանքի տակ, և չեն թաքցնում այդ հանգամանքը»։
Անցած դատական նիստին դատախազներն ու տուժող կողմն առարկեցին։
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց. - «Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հարցադրում է արվում դատական համակարգի թիրախավորման վերաբերյալ, և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պատասխանում է, որ թիրախավորումը էնպես չի, որ ավարտված է, և դատական համակարգին տրվող գնահատականները տարբեր են։ Մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչները այլ կերպ են գնահատում դատական համակարգը, իշխանությունը դատական համակարգը այլ կերպ է գնահատում, և յուրաքանչյուրը իր դիրքերից էդպիսի գնահատականներ է տալիս։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պատասխանի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ դատական համակարգը դրսևորում է անկախություն և գործում է անկախ այդ տրված գնահատականներից, ընդ որում՝ անկախ որևէ ցանկությունից»։
Այս գործով տուժողները Քոչարյանի կողմին են մեղադրում դատավոր Դանիբեկյանի նախագահությամբ արդեն 6 ամիս ընթացող դատավարությունը ձգձգելու համար։ Կան պնդումներ, որ նրանք հատուկ են անում, որ դատարան չգան վկաներն ու չխոսեն 10 տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած արյունահեղության մասին։