ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, Երևան, 28-ը փետրվարի, 2020թ.

ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամկետը քննարկվում է, այն, ամենայն հավանականությամբ, կգումարվի այս տարվա դեկտեմբերին Մոսկվայում: Այդ մասին այսօր Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Հիմա ստույգ ժամկետը համաձայնեցվում է: Այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը, հետևաբար՝ գագաթնաժողովն էլ այնտեղ կանցկացվի, հավանաբար՝ դեկտեմբերին Մոսկվայում», - ասել է Զասը:

Նրա փոխանցմամբ, Երևանում մարտին նախատեսված զինտեխնիկայի ցուցահանդեսի շրջանակներում ՀԱՊԿ ներկայացուցիչները կքննարկեն ռազմատնտեսական համագործակցությունը խթանելու հարցը:

«Պետք է լուծել առկա խնդիրները, որոնք խոչընդոտում են ռազմատնտեսական համագործակցությունը, դրանք քիչ չեն», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Վերջերս Զասը Հայաստանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հանրապետության բարձրաստիճան այլ ղեկավարներին:

ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: