Մոտ քսան տարի Հայաստանում իշխած և 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ղեկավար մարմնի՝ խորհրդի երեք անդամներ Լեռնիկ Ալեքսանյանը, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը դուրս են եկել կուսակցությունից՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին մեղադրելով կուսակցությունում քրեաօլիգարխիկ բարքերի ամրապնդման մեջ։ «Ազատության» հետ զրույցում այդ մասին ասաց Լեռնիկ Ալեքսանյանը։
Նա մանրամասնեց, որ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումը գրել են դեռ այս տարվա հունվարի 13-ին։ «Դուրս ենք եկել անդամությունից՝ հունվարի 13-ին, ես, Ֆիրդուս Զաքարյանը և Ռազմիկ Մարտիրոսյանը», - ասաց Ալեքսանյանը։ Հարցին, թե ինչո՞ւ են նման որոշում կայացրել, նա արձագանքեց. - «Հիմնականում կուսակցության ղեկավարության վարած քաղաքականությունից, գծից դժգոհություն»։
Ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, իրենց չէր գոհացնում այն, որ «կուսակցությունը դարձել էր պրոֆմիություն, քրեաօլիգարխիկ համակարգի դարձրած, որ կուսակցության մեջ ներխուժեցին, եկան շատ-շատերը, որոնք կուսակցության գաղափարախոսության, քաղաքականության հետ կապ չունեն, կուսակցության մեջ գրավեցին բավականին դիրքեր»։
Հարցին էլ՝ «Դուք կարծում եք՝ Սերժ Սարգսյանի օրոք էդ քրեաօլիգարխիկ կարգերը ամրապնդվեցի՞ն», արդեն նախկին հանրապետականը պատասխանեց. - «Շարունակվեցին և ամրապնդվեցին, այո»։
Տե՛ս նաև այստեղ