ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է նշանակելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելուց՝ փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 12.00-ը, արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը, հայտնում են դատախազությունից:
Նշված ժամանակահատվածում 2020թ. ապրիլի 5-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների կապակցությամբ արձանագրվել է 12 հաղորդում:
Դրանցից 5-ի մասին տվյալներն ստացվել են զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումների հիման վրա, որոնք հասանելի են դարձել ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող մշտադիտարկման, 3-ը՝ քաղաքացու կողմից դատախազություն ներկայացված դիմումների, 1-ը դատախազության թեժ գծին քաղաքացու կատարած ահազանգի, 2-ը՝ քաղաքացիների կողմից ոստիկանություն կատարած ահազանգերի, 1-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացված զեկուցագրերի արդյունքում:
Նշվածներից 3-ը եղել են վարչական իրավախախտումների վերաբերյալ նույն անձի կողմից ներկայացված դիմումներ, որոնց կապակցությամբ դիմում ներկայացրած անձին տրվել են պարզաբանումներ: Մյուս 9 դեպքերը պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ: Դրանք ուսումնասիրվել են աշխատանքային խմբի կողմից և դատախազության ստորաբաժանումների դատախազների հսկողության ներքո ստուգվել կամ շարունակում են ստուգվել:
Մասնավորապես՝ դրանցից 2-ով արդեն իսկ հերքվել է ենթադրյալ իրավախախտման փաստը և թողնվել անհետևանք, իսկ մնացած 7-ով իրականացվում են ստուգողական գործողություններ: