Փակ ճամպրուկներով կյանքն արտերկրում. ապօրինի միգրանտների ոդիսականը

Ալլա և Հրաչ Խաչատուրյանները,4 մարտի,2020թ.

Հրաչ և Ալլա Խաչատուրյանները 10-ամյա դստեր հետ 6 ամիս առաջ են կամավոր վերադարձել Գերմանիայից։ 2 տարի ճամբարից ճամբար, քաղաքից գյուղ տեղափոխվելուց հետո Գերմանիան մերժել է այլևս բուժական օգնություն ցուցաբերել Խաչատուրյանների ընտանիքին։ Հրաչը երիկամների խնդիր ունի, ասել են՝ անբուժելի է։

«Շատ ուժեղ սթրես է», - ասում է նա, իսկ կինն էլ հավելում. - «Կարող է ամեն րոպե միլիցիաներ դուռը բացեն: Գնացած օրվանից իմ չամադանները փակ վիճակում են եղել»:

«Հետո մտածում ես՝ երեխեն խի տենա էտ միլիցեքի պահը, գալիս են, դեպորտ են անում, երեխեքն էլ գիտեն, թե էտ եսիմ ինչ է, դրա համար ասում ես՝ ավելի լավ է՝ չգաս, ընկնես այդ պահին, դու քո կամքով հետ էթաս, քան գան, զոռով տանեն քեզ», - պատմեց Հրաչ Խաչատուրյանը:

Հրաչ Խաչատուրյանը, 4 մարտի, 2020թ.

Վերադարձել են հայրենի Մրգավետ գյուղը։ Լսել են, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ վերադարձողներին օգնում են վերահաստատվել Հայաստանում: Բիզնես ծրագրի համար դիմել են, դեռ պատասխան չկա, սակայն ձեռքերը ծալած չեն նստում։ Սեփական սուղ միջոցներով ջերմոց են կառուցել՝ նեխուր, կարտոֆիլ, լոլիկ են աճեցնում։ Ասում են՝ կաճի, կվաճառեն, կապրեն, ոտքի կկանգնեն. - «Փոշմանեցի, որ գնացի, որ 2 տարի մնացած լինեի այստեղ, ես ավելի առաջ կլինեի,վազուլի կյանք ա էլի, ոչ մի իրավունք չունես էնտեղ դու: Հետո ասում է՝ քո երկիրն արդեն ապահով երկիր է, դրա համար ասում են՝ գնացեք, ձեր երկիրը ապրեք»:

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանից

Ըստ Հայաստանի Միգրացիոն ծառայության տվյալների՝ 2018թ. ԵՄ-ում հայտնաբերված շուրջ 600 հազար ապօրինի միգրանտներից 2325-ը Հայաստանից են, այսինքն՝ ընդամենը 0.4 տոկոսը, ինչը, ըստ մասնագետների, մեծ ցուցանիշ չէ։
2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով ՀՀ-ն պարտավորվել է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր Եվրամիության երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել: Սա նաև կարևոր պայման է, որպեսզի Եվրամիությունը շենգենյան գոտի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսի Հայաստանի հետ։ 2019-ին ԵՄ երկրներից ստացվել է 1656 անձի վերաբերյալ ռեադմիսիոն՝ հետընդունման հայց, որից հաստատվել է 1444-ի Հայաստանի քաղաքացի լինելու հանգամանքը:

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, 4 մարտի, 2020թ.

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է՝ ապօրինի միգրանտների մեծ մասը բուժվելու նպատակով է ապաստան հայցում եվրոպական երկրներում, սակայն սա հիմք չէ, և մասնավորապես Գերմանիան, Ֆրանսիան բուժսպասարկում ապահովելուց հետո արտաքսում են շատերին. - «Այսինքն՝ Եվրամիության անդամ երկրները տրամաբանորեն ասում են՝ մենք չենք ուզում, որ մեր երկրներում ապաստանի համակարգերը չարաշահվեն: Երկրորդ հանգամանքը ծագման երկրում՝ այսինքն՝ Հայաստանում, առողջապահական համակարգի բարեփոխումներն են: Տեսել եք, որ վերջին շրջանում առողջապահության ծախսերը կտրուկ ավելացել են»:

Լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանից

7 երեխաների հայր Արթուրը չցանկացավ տեսանկարահանվել, խնդրեց, որ ազգանունն էլ չնշենք: 3 ամիս առաջ արտաքսվել են Գերմանիայից, որտեղ 4 տարի ապօրինի միգրանտի կարգավիճակում են եղել։ Ասում է՝ հիվանդ էր, բուժումը կիսատ մնաց. - «Մայկով, շոռտիկով ինձ վերկալան, բաղնիքից նոր էի եկել, չստիկներով: Անսպասելի էր այնքանով, որ ամեն ինչ արել եմ, գործերն էլ կարծես թե դատարանում էին, չէինք սպասում իրոք: Պատկերացրեք, որ դեռ սամալյոտի մեջից, երեխեքս դե գիտեն չէ՞, որ տուն չունենք, տեղ չունենք, դաժե էն պուճուրներս ընթացքում հարց են տալիս՝ պա՛պ, բա մենք ընդեղ ո՞ւր ենք գնում, ասում եմ՝ չգիտեմ, երեխեք ջան», - պատմեց նա:

Բարեկամների, ընկերների տներում են առաջին օրերը քնել, հետո Միգրացիոն ծառայություն են դիմել, օգնել են, մինչև հունիս բնակարանի վարձը վճարված է, ինչ կլինի հետո, բազմազավակ ընտանիքի հայրը դեռ չի պատկերացնում։

«Շատ դժվար էր սկզբից, ուղղակի վրաս ոնց որ մի 100 կիլո գռուզ էի ման տալիս էլի», - նշեց նա:

Միգրացիան իրավունք չէ, ընտրություն է, Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանն է ասում ու հավելում՝ այս քայլին դիմողը պիտի հասկանա, որ պատասխանատվությունն ինքն է կրում, պետությունը պարտավորություն չունի, կարող է միայն աջակցել։

«Ազատության» հետ զրույցներում արտաքսված ընտանիքներից շատերը նեղսրտում էին հատկապես երեխաների համար։ Նույն դժվար ճանապարհով անցել է նաև կամավոր հայրենք վերադարձած Խաչատուրյանների ընտանիքը։

«Դպրոցը հավանել էր ստեղի դպրոցի համեմատ, դե էստեղ ասում ա՝ ջղային են դասատուները, բայց հիմա ասում է՝ ես կյանքում չեմ էթա Գերմանիա», - ասաց Խաչատուրյանների ընտանիքի հայրը:

Ի դեպ, պաշտոնական տվյաներով՝ Եվրամիության անդամ երկրներում առաջին անգամ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը վերջին տարիներին կտրուկ նվազել է։ Եթե 2016-ին այդ թիվը հասնում էր 5500-ի, ապա 2019-ի առաջին 9 ամիսների տվալներով՝ այս թիվը կրկնակի նվազել է՝ հասնելով 2700-ի։