Կառավարության նախաձեռնած քրեական նոր օրենսգիրքը սպառնալիք է խոսքի ազատությանը. Լրագրողական կազմակերպություններ

Հայաստանյան լրագրողական կազմակերպությունները ահազանգում են՝ կառավարության նախաձեռնած քրեական նոր օրենսգիրքը սպառնալիք է խոսքի ազատությանը, քանի որ սուտ մատնությանը վերաբերող հոդվածը քրեական պատասխանատվություն, անգամ ազատազրկում է նախատեսում լրատվամիջոցներում հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկատվություն հրապարակելու համար։

Գործող Քրեական օրենսգրքում սուտ մատնությունը որևէ առնչություն չունի լրատվամիջոցների գործունեության հետ, մինչդեռ նոր օրենսգրքի նախագծում, որը ներկայացվել է հանրային քննարկման, մասնավորապես, նշված է. «Սուտ մատնությունը` իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը երկու հարյուր ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»։

Լրագրողական տասնմեկ կազմակերպություն պահանջում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից «չտեղափոխել սուտ մատնության խնդիրը լրատվամիջոցների դաշտ»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ խոսքի համար մարդուն չի կարելի բանտ ուղարկել։

«Այն կարող է կաշկանդել լրագրողական գործունեությունը, այն կարող է շատ լուրջ սահմանափակում մտցնել տեղեկատվության աղբյուրների առումով, որովհետև այն կոնֆիդենցիալ ինֆորմացիան, որը պետք է ստանա լրատվամիջոցը կամ լրագրողը, կաշկանդված կլինի և չի կարողանա հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող ինֆորմացիան հաղորդել։ Այս առումով, իհարկե, կա սպառնալիք խոսքի ազատության», - ասաց կոմիտեի նախագահը։

Մելիքյանի խոսքով, անհասկանալի է՝ ինչու են իշխանությունները որոշել հարցը կարգավորել Քրեական օրենսգրքով, եթե այն արդեն իսկ կարգավորվում է քաղաքացիականով։

«Այսինքն՝ եթե այդ հոդվածում իրականությանը չհամապատասխանող բան կա, դա զրպարտություն է ստացվում, և հանգիստ կարելի է դատարանում հարցը լուծել քաղաքացիական իրավունքի դաշտում և բանը չհասցնել քրեական հետապնդմանը, ընդհուպ մինչև ազատազրկման։ Մենք բոլոր իշխանությունների օրոք ասել ենք և հիմա կրկնում ենք, որ խոսքի համար չի կարելի մարդուն նստացնել բանտ, խոսքին պետք է պատասխանել խոսքով կամ դատական կարգով քաղաքացիաիրավական դաշտում այդ հարցը լուծել», - նշեց Աշոտ Մելիքյանը։

Քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող և Արդարադատության նախարարության ներքո գործող աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չհամաձայնեց հնչող մտահոգությունների հետ։

«Սուտ մատնությունը դիտավորյալ հանցագործություն է, այսինքն՝ հաղորդում տվողը պետք է գիտակցի, որ սուտ է տեղեկություններ հաղորդում, եթե բարեխիղճ մոլորության մեջ է գտնվել անձը կամ եղել են հիմքեր այդպիսի հաղորդում տալու համար, այդ դեպքում ենթակա չի պատասխանատվության։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքն էլ լրավտամիջոցներին պարտավորեցնում է նյութեր տրամադրել այն դեպքում, որովհետև հաղորդումը հանցագործության մասին քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում, և այդ քրեական գործի շրջանակներում լրատվամիջոցները պարտավոր են տեղեկություններ հաղորդել, նյութեր տրամադրել այդ հանցագործության փաստի առթիվ», - ասաց Գաբուզյանը։

«Ազատության» հարցին՝ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներն ասում են՝ լրատվամիջոցներին վերաբերող այս հարցը կարգավորում է քաղաքացիական կարգավորմամբ՝ զրպարտության համար պատասխանատվության կանչելը, ինչո՞ւ եք ուզում անպայման քրեականացնել, Արա Գաբուզյանը պատասխանեց. «Ներկայումս էլ լրատվամիջոցներում հանցագործության մասին հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսանում և կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել, մենք պարզապես փաստն ենք արձանագրել»։