Վանաձորի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, որ արդեն 20 տարի ապրում է Ռուսաստանում, կվերադառնա հայրենի Վանաձոր։ Երեկ անցկացված ընտրություններին համալսարանի հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից 15-ն առաջին իսկ փուլում նրան ձայն տվեց։
«Ես իմ բոլոր հնարավորությունները, բոլոր ռեսուրսները, խոստանում եմ բոլորիդ առջև, կներդնեմ, որպեսզի մեր Վանաձորի պետական համալսարանը որոշ ժամանակ հետո դառնա բոլորիս հպարտությունը», - հայտարարեց նա:
Ռուսաստանաբնակ Ռուստամ Սահակյանի հետ ռեկտորի պաշտոնի համար պայքարում էին նույն համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետի դեկան Զարուհի Վարդանյանը, Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ամբիոնի վարիչ Ռուբիկ Դալլաքյանը և Ռուսաստանի համալսարանների ու Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դասախոս, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը։
Ընտրված ռեկտոր Ռուստամ Սահակյանը բուհի զարգացման ռազմավարությունը ներկայացնելիս ասաց. - «Կա ընկալում, որ Վանաձորի պետական համալսարան են դիմում միայն այն դիմորդները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում դիմել Երևանի ուսումնական հաստատություններ։ Կառավարման նոր փիլիսոփայություն է պետք բուհին»:
Նա շարունակեց. - «Ցավոք, մենք ընկալվում ենք որպես որոշակիորեն կոռումպացված և ցածրորակ ուսումնական հաստատություն: Ո՞րն է ճանապարհը. կա՛մ շարունակում ենք խաբել ինքներս մեզ՝ գեղեցիկ երևույթների և ծրագրերի անվան տակ քողարկելով պրոբլեմների իրական ախտորոշումը, կա՛մ անկեղծ վեր ենք հանում բուհի գործունեության բոլոր ոլորտներում առկա պրոբլեմները, և փոխվում ենք մենք, վերափոխում ենք գործընթացները, արդյունքում ունենում ենք նոր համալսարան»:
Բոլոր չորս թեկնածուներն իրենց ռազմավարության մեջ ընդգծել էին, որ նախատեսում են ֆինանսական նոր աղբյուրներ գտնել և ավելացնել դասախոսների աշխատավարձը, որն զգալիորեն ցածր է երևանյան բուհերի դասախոսների վարձատրությունից։ Համալսարանի տարեկան բյուջեն կազմում է 836 միլիոն դրամ, որի 20 տոկոսը ստանում են պետական բյուջեից, 80 տոկոսը գոյանում է մոտ 1700 ուսանողների վարձավճարներից։ Թեկնածուները շեշտում էին, որ կառուցվածքային փոփոխություններ են անհրաժեշտ բուհում, որտեղ անիմաստ ուռճացված ամբիոններ ու հաստիքներ կան։
Թեկնածուներն ու հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց ելույթներում խոսում էին նաև համալսարանի խաթարված հեղինակության, կոռուպցիոն ռիսկերի ու նաև այն մասին, որ բուհը մշտապես ներգրավված է եղել քաղաքական պրոցեսներում։
Տարիներ շարունակ Վանաձորի պետական համալսարանում ամբիոնի վարիչ է նախորդ գումարման ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցությունը ղեկավարած Վահրամ Բաղդասարյանը։ Նա նաև բուհի հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից մեկն է։ Խորհրդի անդամ, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ռուստամ Սահակյանին ընտրվելուց առաջ հարց ուղղեց քաղաքական ազդեցությունների մասին՝ նշելով, որ «նախկին իշխանությունների օրոք բուհական համակարգն օգտագործվել է որպես քաղաքական գործիք, և պատասխանատուների առաջին նպատակը չի եղել կրթությունը»։
«Ով էլ ընտրվի ռեկտոր, լինելու է այսպես ասեմ՝ ազդեցություն ունեցող որոշակի շրջանակների ցանկություն ռեկտորի վրա ճնշումներ գործադրելու, հարաբերություններ գուցե ստեղծելու՝ ինչ-ինչ ազդեցություններ գործելու համար: Ես կուզենամ լսել, թե Դուք ոնց եք պատրաստվում դրան հակազդել», - հարցրեց մարզպետը:
Սահակյանն ասաց՝ երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Ընդգծեց նաև, որ ունի ֆինանսական անկախություն. մի շարք բիզնես նախագծերի հեղինակ է Ռուսաստանում, ինչն, ըստ նրա, հնարավորություն կտա չենթարկվելու որևէ քաղաքական ուժի ազդեցությանը. - «Եթե մենք տանք ուսանողին այն ազատությունը, որը նրան պետք է, և նա արժանի է, ինքն ավտոմատ մեզ չի թողնի՝ մենք այս միջավայրում բերենք բախումների: Իմ մոտեցումը պրոցեսային կառավարմանն է վերաբերում. կփոխենք պրոցեսները, դա կբերի նոր որակի»:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը նմանատիպ հարց տվեց թեկնածուներից Զարուհի Վարդանյանին, որ 13 տարի ամբիոն է ղեկավարել ՎՊՀ-ում և եղել է ՀՀԿ անդամ։
«Դուք ճիշտ եք, որ ասենք, նախկին կառավարության ժամանակ եղել է, բայց գոնե այս ընթացքում որևէ քաղաքական ճնշում չի արվել բուհի նկատմամբ», - ասաց Վարդանյանը:
Խորհրդի անդամներից Վանո Եղիազարյանը, որ բուհի դասախոսներից է և նույնպես անդամակցել է «Հանրապետական» կուսակցությանը, հակադարձեց՝ այսօրվա իշխանությունները ևս փորձում են ազդեցություն ունենալ բուհում. - «Միշտ էլ կառավարությունը փորձել է ազդել, հիմա էլ փորձում է ազդել, և ապակուսակցական կառույց է սա, և պիտի այստեղ լինեն ոչ թե կուսակցական գործիչներ, այլ պետք է լինեն մշակութային գործիչներ»:
Անդրեյ Ղուկասյանն ակնարկեց՝ նախկինում պետք է բարձրաձայներ այդ մասին՝ նկատի ունենալով, որ բուհի դասախոսական անձնակազմի և ուսանողների մեծ մասն անդամակցել է իշխող «Հանրապետականին». - «Պարո՛ն Եղիազարյան, ռեկտորի հետ իմ խոսակցությունները լինելու են միայն կրթության մասին, ուրիշ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ այստեղ և հատկապես ռեկտորի հետ ես չեմ ունեցել և չեմ էլ ունենալու: Եվ ես նաև այստեղ եմ, որպեսզի այլ միջամտություններն էլ հնարավորինս կանխեմ, նկատի ունեմ քաղաքական», - հայտարարեց մարզպետը:
Համալսարանների հոգաբարձուների խորհրդի անդամ, հանրապետական Վահրամ Բաղդասարյանը չարձագանքեց բուհում նախկին իշխանությունների քաղաքական ազդեցությունների մասին պնդումներին, հրաժարվեց պատասխանել նաև «Ազատության» հարցին: