Բողոքի ակցիա Ռուսաստանի դեսպանատան առջև՝ արդար դատաքննության պահանջով

Ռուսաստանի դեսպանատան առջև մեկ պահանջով՝ արդար դատաքննություն. ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության համար մեղադրվող քաղաքացիների պաշտպանները պնդում են՝ իրենց պաշտպանյալներին ապօրինի մեղադրանքներ են առաջադրվել։

Սպանության համար մեղադրվող Սերգեյ Խոջայանի պաշտպան Մուշեղ Հայրապետյանը թերահավատ է, թե նման նախաքննությունից հետո դատաքննությունն անկողմնակալ կընթանա։

«Արդար դատավարություն չի լինելու, էն, ինչ որ մենք էսօր տեսնում ենք, էն, ինչ որ մենք էսօր ունենք, 9 հոգի անմեղ մեղադրյալներ այսօր կալանքի տակ են, օբյեկտիվ քննություն չկա», - ասաց Հայրապետյանը։

Ռուս նախկին հատուկջոկատայինը սպանվել էր անցած տարի ամռանը Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի սրճարաններից մեկում՝ վիճաբանության ժամանակ։

Պաշտպանները համոզված են՝ իրենց պաշտպանյալներին մեղադրանք է առաջադրվել ազգային պատկանելության պատճառով։ Մահացու վիրավորումը, ըստ ռուսական լրատվամիջոցների, Բելյանկինը ստացել էր դանակից՝ սրտի շրջանում։ Իսկ հարվածողն, ըստ այսօրվա ակցիայի մասնակիցների, Հովհաննես Հայրապետյանն է, նա, սակայն, հետախուզվում է։

Պաշտպանները պնդում են՝ Հովհաննեսը ինքնապաշտպանվել է. ռուս նախկին հատուկ ջոկատայինն է առաջինն ատրճանակով հարձակվել մեղադրյալի վրա ու վիրավորել նրան։

«Հովիկ Հայրապետյանն իրեն պաշտպանել է, նա այդ իրավունքն ունի։ Եթե մարդու վրա կրակում են ատրճանակից և այդ նույն ատրճանակն ուղղում են ուրիշների վրա, ոչ մեկ ապահովված չի, որ էլի զոհեր չեն լինի, դրա համար Հովիկ Հայրապետյանը ստիպված դիմել է այդ քայլին», - նշեց Հրանտ Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսիսյանը։

Համլետ Հայրապետյանի պաշտպան Իրինա Խալատովան էլ ասաց. «Չնայած մեր պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, բայց դրանք մերժվել են առանց հիմնավորման»:

«Իմ մեծ տղայի ծնունդին իրենց տանը, ծնունդից հետո իջել են ներքև շենքի տակ բար է չէ, չեն էլ հասել բար, արդեն ընդեղ կռիվ է եղել, պատահական ընկել են փորձանքի մեջ։ Ի՞նչ ենք ուզում, միայն արդար դատաքննություն, օբյեկտիվ դատաքննություն։ Ես չեմ ասում՝ մեղավոր չեն, մեղավոր են», - ասաց Հայրապետյան եղբայրների հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը։

Հայրապետյան եղբայրներն ու Սուրեն Խոջայանը, մեղադրվում են սպանության, սպանության փորձի ու խուլիգանության համար, իսկ գործով անցնող մյուս 5 հայերը՝ միայն խուլիգանության։ Նրանք կես տարի է՝ կալանավորված են։ Քրեական գործում, ըստ մեղադրյալներից Ռուդիկ Մանուկյանի պաշտպանի, միջադեպին կալանավորվածների մասնակցության ոչ մի ապացույց չկա։

«Ցուցմունքներ չկան, եթե ցուցմունքներ կան, դրանք ընդհանրական բնույթ են կրում, օրինակ, նրանք բոլորը հայ էին, հայհոյում էին, բոլոր հայերը մասնակցում էին վիճաբանությանը։ Կոնկրետ, որ տվյալ անձն է մասնակցել կամ չի մասնակցել, ոչ մի վկա դա չի հաստատում», - նշեց Կոստանյանը։

Նույն գործով նաև Հայաստանում դեռ ամռանը մի քաղաքացի է կալանավորվել, սակայն Գլխավոր դատախազությունից դեռ նրա անունը չեն տալիս, իսկ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե կալանավորվածը Գրիգորի Օհանյանն է։ Հայաստանից գլխավոր դատախազությունից հերքեցին՝ կալանավորվածը Օհանյանը չէ։

Բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր չկարողացան իրենց մտահոգություններն ու պահանջները ներկայացնել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, դեսպանատնից նրանց չարձագանքեցին։ Մինչ այդ էլ, ըստ պաշտպանների, իրենց՝ դեսպանին ուղղված նամակն է անպատասխան մնացել։