Թուրքիայում ձերբակալվել են Sputnik-ի գլխավոր խմբագիրն ու լրագրողները

Թուրք ոստիկանները կանգնած են դատարանի շենքի մոտ, արխիվ

Վերջին օրերին սիրիական Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը հանրության մեջ էլ հակառուսական տրամադրություններ է բարձրացրել:

Դժգոհության ալիքը հասել է նաև Թուրքիայում աշխատող ռուսական լրատվամիջոցների լրագրողներին: Այսօր Ստամբուլում ձերբակալվել է Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ոստիկանությունը խուզարկում է լրատվամիջոցի ստամբուլյան գրասենյակը: Երեկ երեկոյան էլ մի խումբ ցուցարարներ Անկարայում ներխուժել են ռուսական լրատվական գործակալության երեք լրագրողների տներ: Ռուսական աղբյուրների հաղորդմամբ` մոտ 15-20 հոգի լրագրողների տների մոտ հակառուսական կոչեր են հնչեցրել, սպառնացել ու հայհոյել նրանց՝ մեղադրելով հակաթուրքական քարոզչության ու լրտեսության մեջ:

Որոշ ժամանակ անց նրանք հեռացել են, իսկ լրագրողները շտապել են ոստիկանության բաժանմունք` տեղի ունեցածի վերաբերյալ բողոք ներկայացնելու, սակայն, այստեղ տուժածների ցուցմունքը լսելուց հետո նրանց ձերբակալել են:

Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը տեղի ունեցածը ոչ թե որպես հարձակում, այլ 7-8 հոգանոց բողոքի ցույց է արձանագրել:

Առայժմ պաշտոնական հայտարարություն չկա Sputnik-ի աշխատակիցների ձերբակալության պատճառների մասին: Ենթադրվում է, որ գործակալության երեք լրագրողների նկատմամբ այս գործողությունների պատճառը նրանց հեղինակած «Գոյացված երկրամաս. Ինչու՞ Հաթայի նահանգը 80 տարի առաջ Ֆրանսիան հանձնեց Թուրքիային» վերնագրով հոդվածն է, որը երեկ հրապարակվել է Sputnik-ի անգլերեն բաժնում:

Ռուսաստանի ԱԳ նախարարությունը այս ձերբակալությունը լրագրության սկզբունքների և նրանց իրավունքների կոպտագույն խախտում է որակել՝ թուրքական իշխանություններին կոչ անելով միջոցներ ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու և լրագրողների անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: Թուրքիայի լրագրողների արհմիությունը ևս դատապարտել է տեղի ունեցածը՝ գործընկերների ձերբակալությունը համարելով անընդունելի: «Պետությունների միջև լարվածության պատճառով լրագրողները չպետք է տուժեն»,- իր թվիթերյան էջում հայտարարել է արհմիությունը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ևս թուրքական իշխանություններին հորդորել է ապահովել օտարերկրյա լրագրողների անվտանգությունը՝ հայտարարելով, թե նրանց ձերբակալությունը հեղնակած հոդվածի համար մտահոգիչ է: