Հայկական ատոմակայանի զարգացման հնարավորություններին նվիրված քննարկմանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Ալեքյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնալու էներգահամակարգում ատոմակայան ունենալու իր քաղաքականությանը։
Անդրադառնալով նրան, որ Եվրամիության հետ համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակելու և նորով փոխարինելու հարց կա, Նունե Ալեքյանն ասաց. - «Եվրամիության այդ պահանջը, մենք իրենց ասել ենք, որ իրականանալի չէ, մինչև մենք չունենանք փոխարինող համարժեք հզորություններ»։
Նոր ատոմակայան կառուցելը նրա խոսքով, Հայաստանի կառավարության նպատակների մեջ է, բյուջեում, սակայն, գումարներ դեռևս չեն նախատեսվում: Կառավարությունն ավելի շատ այժմ մտածում է գործող էներգաբլոկի շահագործումը 2026 թվականից հետո ևս 10 տարով երկարաձգելու մասին, քանի որ դա ավելի քիչ ծախսատար է. - «Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի՝ նվազագույն ծախսերով զարգացման գրավականը»։
Իսկ որքանո՞վ է անվտանգ գործող էներգաբլոկի կյանքը տասնամյակներով երկարացնելը։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն, ատոմակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանն ասում է, որ համաշխարհային փորձի վրա հիմնվելով, կարող են պնդել, որ հնարավոր է: Հայաստանն այնքան հարուստ երկիր չէ, որ 2026 թվականին հրաժարվի այս էներգաբլոկի շահագործումից. - «Չի կարելի դա էս վիճակով կանգնեցնել, այլ պետք է մինչև վերջ օգտվել դրա բարիքից և ժամանակ շահել, որից հետո անցնել նոր միջուկային բլոկի կառուցմանը։ Ընդհանրապես նախագծային ժամկետը երեսուն տարի է, որը մեզ մոտ ավարտվել է 2016 թվականին։ Եվ դրանից հետո էլ արդեն որոշ նմանատիպ կայաններ երկարացրել են ևս երեսուն տարի»։
Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ռուսական կողմից ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ասաց, թե ընդհանրապես հնարավոր է ատոմակայանի կյանքը երկարացնել 2026 թվականից հետո, սակայն լրացուցիչ վերլուծություն է պետք կատարել. - «Ռուսական կողմն արդեն իր փորձի հիման վրա մի քանի տարբերակ է առաջարկել Հայաստանին։ Սակայն Հայաստանն արդեն ինքը պետք է որոշի, թե որ մոտեցումն ընտրել, որ հատվածները արդիականացնել, ինչպես բարձրացնել անվտանգությունը։ Իսկ մենք կաջակցենք ինչով կարող ենք:»
Սվիրիդենկոն չհստակեցրեց, թե կոնկրետ մինչև երբ է հնարավոր շահագործել գործող էներգաբլոկը՝ ասելով, որ ամեն ինչ կախված է հաշվարկներից և ուսումնասիրություններից: Սակայն, նրա խոսքով, մի բան հստակ է՝ որպեսզի ատոմակայանը անվտանգ շահագործվի մինչև 2026 թվականը, առաջիկա տարիներին, մինչև 2021 թվականը պետք է շարունակվեն արդեն սկսված արդիականացման աշխատանքները:
Սակայն այս աշխատանքների հետ կապված ֆինանսական խնդիրներ կան։ 2015 թվականին Հայկական ատոմակայանի արդիականացման համար Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային համաձայնագրով Մոսկվան հատկացրեց 270 միլիոն դոլար վարկ և 30 միլիոն դոլար դրամաշնորհ։ Նախատեսված էր արդիականացման աշխատանքներն ավարտել այս տարի։ Սակայն, փաստորեն, աշխատանքները երկարաձգվելու են մինչև 2021 թվականը: Մինչև այժմ ծախսվել է վարկի 200 միլիոն դոլարը, մնացած մասի տրամադրման շուրջ բանակցություններ են ընթանում:
Ուշագրավ է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մոտ երկու ամիս առաջ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել՝ վարկի մնացած մասը մինչև 2021 թվականը օգտագործելու հարցում, սակայն Սվիրիդենկոն հայտարարեց, որ իր տեղեկություններով վարկի հարցը դեռ լուծված չէ, և բանակցությունները շարունակվում են։
Չնայած ռուսական վարկի մնացած մասի ստացման հետ կապված խնդիրներին՝ Հայկական ատոմակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վահրամ Պետրոսյանն ասում է, որ հրատապ աշխատանքները առաջիկա օրերի ընթացքում կմեկնարկեն, անհրաժեշտ գումարը՝ 5 -6 միլիոն դոլարի չափով, ատոմակայանն իր միջոցներից կտրամադրի։