«Ազատության» հյուրասրահում լրագրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն է։
«Ազատություն». – Շուտով Մարտի 1-ի հերթական տարելիցն է, Դուք հետևում եք երևի շուրջ մեկ տարի ընթացող դատավարությանը։ Գուցե պարզունակ հարց եմ տալիս, բայց այդ ձգձգման միտումը Ձեզ համար տեսանելի՞ է։
Պասկևիչյան. – Այո, տեսանելի է։ Դա, կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մարտավարությունն է։ Բայց ինչքան կարող է տևել, չգիտեմ։
«Ազատություն». – Ինչ է ասում իր փաստաբանական թիմը. ուզո՞ւմ եք արդար դատավարություն, դե ստացեք, ես էլ ունեմ այդ իրավունքը, ինչքան ուզեմ, անելու եմ։
Պասկևիչյան. – Անշուշտ ունեն իրավունք, և անշուշտ պետք է դատական բոլոր արարողակարգերով այդ ամեն ինչը ընթանա, որպեսզի նաև հետո առանց այդ էլ արդեն վրեժ լուծելու կանխավարկածը կա, որպեսզի դա վերանա, գործընթացը չստվերվի։
«Ազատություն». – Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ են նրանք ձգձգում։
Պասկևիչյան. – Ես կարծում եմ, որ ինչ-որ բանի են սպասում։ Ամեն անգամ ինչ-որ իրադարձություններ կան, հիմա էլ Սահմանադրական դատարանի հարցը։ Ես կարծում եմ, ինչ-որ ժամանակ էլ դրսից էին ինչ-որ ազդակների սպասում։ Բայց դա անհեռանկար է, ինձ թվում է։
«Ազատություն». – Կամ գուցե, որ որևէ կերպ գործը չհասնի՞ դատավարությանը, և մենք չտեսնենք ջրի երես դուրս եկած փաստեր։
Պասկևիչյան. – Վաղ թե ուշ հասնելու է։ Ինչքան էլ կարողանան ձգձգել, միևնույն է հասնելու է, որովհետև եթե գործը մտել է դատարան, պետք է որոշակի հանգուցալուծում ունենա։
«Ազատություն». – Գործի տրամանաբանությունը Ձեզ համար ճի՞շտ է՝ վերևից ներքև։ Որովհետև, էլի եթե մեջբերեմ մեղադրյալներին՝ քննեք, ինչքան ուզում եք, բայց սպանությունները չեն բացահայտվելու։
Պասկևիչյան. – Գործի տրամաբանության հետ ես իրոք խնդիր ունեմ, որովհետև ես կարծում եմ, որ Մարտի 1-ը մի այսբերգ է, որի մի փոքրիկ մասն ենք մենք այսօր տեսնում, միայն այդ վերևի մասն ենք տեսնում։ Մարտի 1-ը, իմ պատկերացմամբ, որպես Հայաստանում ապրող քաղաքացի, որպես անհատ, պետք է բացահայտվեն հնարավորին շատ համապարփակ ձևով։ Եվ պետք է ոչ միայն հանրապետության այդ ժամանակվա առաջին պատասխանատուի պատասխանատվության հարցը դրվեր միայն, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր որ որոշակի մասնակցություն ունեցել էին այդ իրադարձությունների ֆոնը ապահովելու տեսակետից։ 2008 թվականին քաղաքական ակտիվության համար աշխատանքից հեռացված մարդիկ կան։ Ես անունները գիտեմ, ուղղակի, քանի որ իրենց հետ չեմ ճշտել, անուններ չեմ տա, որոնք, անցել է արդեն 12 տարի, չունեն աշխատանք։ Հավաքների ազատության սահմանափակման հետ, էդ փողոցներում ակտիվիստների բռնությունների ենթարկելու, դահլիճները, հավաքատեղիները փակելու, և այլն... այս տեսակ խնդիրները ոնց որ մոռացված են։ Ստեղծվում է տպավորություն, որ կա վրեժխնդրության բաղադրիչ այս ամեն ինչի մեջ։ Իրականում, այո, պետք է ամբողջ բուրգով բացահայտել, պետք է անուններ հնչեն։ Մարդիկ պետք է իմանան, որ իրենց արածի համար ինչ-որ ժամանակ հետո իրենք պատասխան են տալիս։
«Ազատություն». – Սպանությունների մասով Դուք այդ գնահատականի հետ համաձա՞յն եք, որ գործը ըստ էության բացահայտված է, որովհետև այդ սպանությունները եղել են կարգի տապալման հետևանք, և շատ ավելի կարևոր է, թե ով է եղել հրաման տվողը։
Պասկևիչյան. – Հրաման տվողներն էլ մեծ հաշվով պարզ են։ Ես կարծում եմ, որ փաստահավաք խումբը 2009-10 շատ մեծ աշխատանք էր կատարել։ Քանի որ ֆիլմը ստեղծելիս ես օգտվում էի փաստահավաք խմբի եզրակացություններից, իրենց նյութերից, ես այն տպավորությունն ունեմ, որ ինքը մեծավ մասամբ բացահայտված էր։ Բայց այդտեղ կար մի խնդիր, որ այդ մարդիկ ի վերջո կարող էին ասել, որ մենք հրաման ենք կատարել։ Հետո գնում է այսպես՝ հրաման տվողին հրաման տվողը և այսպես պետք էր բարձրանալ մինչև հարգարժան երկրորդ նախագահը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.