Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ բոլոր երկրները պարտավոր են պատրաստվել կորոնավիրուսի համաճարակին արձագանքելու համար:
Որոշ երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, վճռական միջոցներ են ձեռնարկում, և դա դրական արդյունք է ապահովում, քանի որ նոր հիվանդների թիվը կրճատվում է: Գլխավոր տնօրենը դա անվանում է «վճռական առաջին միավոր»:
«Երբ ես ասում եմ «վճռական առաջին միավոր», ես նկատի ունեմ, օրինակ, Չինաստանից ստացվող ազդակները, որոնք վկայում են վարակը զսպելու մասին: Բայց կա նաև վատ լուր՝ մյուս կողմից, ունենք Իրանի, Իտալիայի և Հարավային Կորեայի օրինակները, որտեղ նոր դեպքեր են գրանցվում», - ասել է Գեբրեյեսուսը:
Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 80 հազար դեպք, մահացել է շուրջ 2,8 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, թե «մահացու սխալ կլինի որևէ երկրի կողմից, եթե այդ երկրում ենթադրեն, որ կորոնավիրուսն իրենց կշրջանցի, և չձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ»: