Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։
ԱԳՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Արսեն Թորոսյանն իր խոսքում ներկայացրել է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող ուղևորների մոտ սահմանային կետերում հիվանդության հայտնաբերման դեպքերում տարածման կանխարգելման ուղղությամբ։
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, որը ներկայացրել է համաճարակի շուրջ իր երկրում վերջին վիճակագրությունը՝ հայտնելով, որ ապաքինվածների թիվը համեմատական կարգով օրեցօր աճում է, և Չինաստանի իշխանություններն ակնկալում են ընթացիկ գարնանն արդեն իսկ կանխել վիրուսի տարածումը։
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 400-ը, սակայն և՛ քանակային, և՛ տարածքային իմաստով վիճակագրությունը չնչին է և չի գերազանցում տոկոսի տասներորդական մասը։
Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղեկացրել է կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։