Դեռ խորհրդային տարիներից եկած ավանդույթի ուժով սովորաբար այս կամ այն թատրոնում աշխատող յուրաքանչյուր դերասան իր առաքելությունը հենց իր թատրոնում է իրականացնում։ Դերասաններից շատերը մեր օրերում նկարահանվում են նաև տարբեր ֆիլմերում և սերիալներում, բայց հազվադեպ է պատահում, որ ներգրավվեն նաև այլ թատրոնների բեմադրություններում: Եվ ահա Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի նախաձեռնությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ բեմադրվել է չեխ դրամատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» պիեսը, որտեղ միաժամանակ մի քանի տարբեր թատրոնների տարբեր տարիքի դերասաններ են ներգրավված։ Բեմադրության հեղինակն է երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Բաբայանն ընդգծեց. «Հրաշալի դերասաններ վեց թատրոնից հավաքվել են մի ներկայացման մեջ, փայլուն անսամբլ։ Այսօր, երբ վերանում են սահմանները աշխարհում ամեն տեսակ, առավել ևս մշակութային, ժամանակն է հասել, որ մենք վերացնենք մեր մոտ եղած թատերական-աղանդավորական սահմանները։ Թող ազատ գործեն մեր դերասանները, թող ազատ շրջեն, շնչեն իրար հետ, դա այնպիսի մի հարստություն է՝ տեսնել այս հրաշք դերասաններին մի բեմում, մի ներկայացման մեջ իրար հետ շփվելուց, որ կարծում եմ՝ սա կունենա շատ լավ շարունակություն հետագայի համար։ Ավելին՝ սա հրաշալի դպրոց է երիտասարդների համար»։
«Ազատության» հարցին, թե ի վերջո, ի՞նչն է պատճառը, որ Խորհրդային Միության փլուզումից անգամ 30 տարի անց թատրոններում դեռ պահպանվում է հիմնականում միմիայն սեփական դերասաններով ու ռեժիսորներով ներկայացում բեմադրելու ավանդույթը, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Երբ որ մենք ասում ենք՝ կարծրատիպեր, դա գալիս է մեր թատրոնների ղեկավարությունից, որ «սա իմ բոստանն է, սա իմ թատրոնն է, սա իմ դերասանն է», սա գալիս է նույնիսկ ինստիտուտից՝ «սա իմ կուրսն է, իմ կուրսի ուսանողը չգնա, ուրիշ տեղ չխաղա»։ Էս մանր սեփականատիրոջ հասկացողությունը գավառամտության արդյունք է։ Ազատությունը ենթադրում է, որ բոլորը ազատ են, առավել ևս՝ արվեստում, և պետք չի խանդով մոտենալ դրան»։
Չեխ դրամատուրգ Օսվալդ Զագրադնիկի պիեսի բեմադրության համար մի քանի դերասանական կազմ է ընտրվել։ Պրեմիերան տեղի կունենա մարտի 3-ին և 4-ին նախ Տիկնիկային թատրոնում, հետո պիեսը կներկայացվի նաև այլ թատրոններում, այդ թվում և՝ մարզային։
Այսօրվա հանդիպմանը ներկա մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը ասաց. «Ես շատ ուրախ եմ այս ձևաչափի համար: Նախ և առաջ, ամենավտանգավոր բանը ստեղծագործական խմբի, արտիստի, ստեղծագործող մարդու համար կայուն կենցաղն է, կայուն միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմն է, կախվածությունն է մեկ թատրոնից, մեկ ռեժիսորից, մեկ հեղինակից, և այս ձևաչափը գալիս է ապացուցելու, որ իսկապես պիտի փոխվեն ստեղծագործական հարաբերությունների ձևաչափերն ու տրամաբանությունը։ Վստահ եմ, որ այս թարմությունը, այս դերասանական միգրացիան, եթե կարելի է ասել, միայն օգուտ է բերելու թե՛ դերասաններին՝ մասնագիտական առումով, և թե՛ հասարակությանը։ Այս բազմազանությունը միանգամայն ողջունելի է»։