ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի ճանաչում և երբեք չի ճանաչի Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցումը»:
Այդ մասին Փոմփեոն ասել է ռուսների կողմից թերակղզու գրավման տարելիցի կապակցությամբ:
«Փետրվարի 27-ին լրանում է ուկրաինական Ղրիմի բռնազավթման 6-րդ տարելիցը: Այդ օրը Միացյալ Նահանգները վերահաստատում է՝ Ղրիմն Ուկրաինայինն է», - ասել է Փոմփեոն և ավելացրել. - «Ինչպես ընդգծվում է 2018 թվականի հուլիսի Ղրիմի հռչակագրում, Միացյալ Նահանգները երբեք չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել Ղրիմի զավթումը»:
Փոմփեոյի խոսքով, Ռուսաստանը վեց տարի շարունակ իրականացնում է ստի և ապատեղեկատվության քաղաքականություն, որի նպատակն է օրինականացնել Ղրիմի բռնակցումը:
«Այդ քաղաքականությունը դատապարտված է ձախողման», - ասել է ԱՄՆ պետական քարտուղարը:
Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգները դատապարտում է ռուսների ապօրինի գործողությունները Ղրիմում և ագրեսիան Ուկրաինայի դեմ, այդ թվում՝ Դոնբասում ռուսամետ անջատականներին սատարելու քաղաքականությունը:
Փոմփեոն ասել է, որ Վաշինգտոնը կպահպանի Մոսկվայի նկատմամբ սահմանած պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը Ղրիմը չի վերադարձնի Ուկրաինային և չի կատարի մինսկյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: