Բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը երեկ դատարանի առջև հավաքված համախոհներին խնդրելով վերադառնալ տուն՝ հորդորեց չմոռանալ Հայաստանի անվտանգության մասին։ Հետո իր կյանքի «գերագույն նպատակից» խոսեց՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ըստ քրեական գործի՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, մինչդեռ ավելի էժան գնային առաջարկ էր ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը։
Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը և փաստաբանները պնդում են, թե պետության նախկին ղեկավարի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նաև այս թեմայի շուրջ է «Ազատություն»-ը զրուցել Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ։
«Ազատություն». – Դիտե՞լ եք կադրերը, երբ Սերժ Սարգսյանը դատարանի առջև բարձրախոսով խոսում էր, և ի՞նչ տպավորություն ստացաք այդ տեսարանից։
Քոչարյան. – Լրիվ դիտել եմ, տպավորությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանն էլ երևի կամաց-կամաց գիտակցի, թե հասարակության հետ ինչպես պետք է շփվի, բայց դա տևական ժամանակ է պահանջում Սերժ Սարգսյանի և իր թիմի համար։ Տեսնենք՝ դեպքերը ոնց կզարգանան դատարանի շուրջ և դատարանի ներսում։
«Ազատություն». – Պարոն Քոչարյան, իսկ ասելիքի՞ մասին, ինչո՞ւ է Արցախի մասին խոսում։
Քոչարյան. – Չէր ասի, որ ինքը մեղադրվում է մեկ այլ հոդվածով, որտեղ դիզվառելիքի վատնման մեջ է ինքը կասկածվում իր թիմակիցների հետ, և իր հիմնական թիմակիցներից մեկն էլ, ըստ էության, ցուցմունքն է տվել հենց իր դեմ։ Դա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն է, հիմա թող գա դատարանում բացատրի, թե ինչ մեխանիզմներ և ինչ ընթացակարգով են տարիներ շարունակ բյուջեի միջոցները վատնվել և դրա մեջ ինչպիսի գերակատարություն է ունեցել իր անմիջական շրջապատը՝ բիզնես շրջապատը և օլիգարխիկ շրջապատը, այնպես որ սա դեռ առաջին ծիծեռնակն է, և բնականաբար, որպեսզի ցույց տրվի, որ Սերժ Սարգսյանը ոչ մի կապ չունի այս մեղադրանքի հետ, այլ, ըստ էության, իրենք փորձում էին հասարակությանը ցույց տալ, որ ինքը մեղադրվում է մի բանի մեջ, որտեղ ինքը, ըստ էության, դեռ նոր պետք է հարցերին պատասխանի։ Այսինքն՝ ինքը հայտարարեց, որ այս ամենը կապված է Արցախի հետ կապված իր դիրքորոշման հետ, բայց էդպես էլ պարզ չի՝ վերջը Սերժ Սարգսյանը էս տարիների ընթացքում ինչպիսի դիրքորոշում է ունեցել բանակցային գործընթացում։ Այն, ինչ որ այսօրվա նոր իշախնությունները մեր հասարակությանը հստակ պարբերաբար հայտարարում են, թե պատկերացումներն Արցախի խնդրի լուծման ինչպիսին պետք է լինեն։
«Ազատություն». – Ասում են, պարոն Քոչարյան, ասում է՝ «ես երբեք որևէ ամբիոնից չեմ ասել, որ Արցախը տեսնում եմ Ադրբեջանի կազմում, կամ, հակառակը` չեմ տեսնում, դե թող Փաշինյանն էլ մի անգամ ասեր նման բան»։
Քոչարյան. – Ինքը, ըստ էության, մոռանում է, որ ինքը բանակցել է Մադրիդյան սկզբունքների շրջանակում ու բազմիցս նաև լրատվական տարբեր, նույնիսկ ռուսական մամուլում ինքը հայտարարել է, թե ինչն է ընդունելի իր համար, ազատագրված տարածքների կամ անվտանգության գոտու հետ կապված ինքը ինչպիսի պատկերացում ունի այդ պրոցեսի մեջ, որն, ըստ էության, ոչ թե ԼՂԻՄ-ն է, այլ Արցախի Սահմանադրությամբ այդ Արցախի Հանրապետության տարածքն է։ Ինքը բանակցելու ընթացքում նաև պատրաստ է եղել այդ տարածքները հանձնի նաև՝ դեմը ինչ-որ ակնկալիքներ ունենալով, բայց այդ գործընթացն այնուամենայնիվ կասեցվեց, որովհետև Հայաստանում փոխվեց քաղաքական իշխանությունը։
«Ազատություն». – Դուք այնուամենայնիվ ընդունո՞ւմ եք քննադատությունը, համաձա՞յն եք դրա հետ, որ մարդ, ում վրա բարդում էին աշխարհի մեղքերը, մերժում, հիմա ընդամենը մի դիզվառելիքի գործով է դատվում։
Քոչարյան. – Ես ասում եմ՝ սա դեռ առաջին ծիծեռնակն է, կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է տևական և ամբողջական, բազմիցս նոր իշխանությունների կողմից և վարչապետի կողմից նշվել է, որ մինչև վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին, այն ամենը ինչ որ տարվել է և տարվել է ապօրինի ճանապարհով, դրանք այդպես մի օրվա մեջ հնարավոր չէր այդ խնդիրները լուծել։
«Ազատություն». – Պարոն Քոչարյան, ժամանակը հասունացե՞լ է, որ ի վերջո Սերժ Սարգսյանը հրավիրվի Ձեր գլխավորած հանձնաժողով՝ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող։
Քոչարյան. – Այո, հասունացել է, և մոտ է այն ժամանակը, որ մենք կգտնենք՝ ինչ ձևաչափով իրեն հրավիրենք՝ գուցե իր գրասենյակի միջոցով։ Քննիչ հանձնաժողովն իր ուսումնասիրած նյութերի շրջանակում բավարար նյութեր ունի, որով հնարավորություն է ստեղծվել նաև արդեն հրավիրել Սերժ Սարգսյանին։
«Ազատություն». – Իրեն հարցեր ուղղելո՞ւ։
Քոչարյան. – Բնականաբար, մենք իրեն բազմաթիվ հարցեր ունենք ուղղելու։ Այս ընթացքում մարտ ամսվա մեջ մենք կունենանք երկու այլ հրավիրյալներ բարձրաստիճան նախկինում պաշտոն զբաղեցրած, որից հետո, կարծում եմ, արդեն անմիջապես մենք կքննարկենք Սերժ Սարգսյանին հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը, և արդեն հասարակությունը տեղեկացված կլինի հրավերի մասին և Սերժ Սարգսյանը նույնպես։ Կարծում եմ՝ այս դատավարությունը և մեր հրավերը մեկը մյուսին չեն խանգարի, մենք կտեսնենք, թե դատավարություն ընթացքում ազատ պատուհան երբ կլինի։ Համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը մեր հրավերը կընդունի, չընդունելու դեպքում դա կունենա շատ լուրջ կասկածներ այն հարցերի շրջանակում, որը մենք պատրաստում ենք իրեն հղել։
«Ազատություն». – Դուք ասացիք՝ մինչև Սարգսյանը ևս երկու պաշտոնյայի հրավիրելու եք, կարո՞ղ եք նրանց անունները արդեն հայտնել։
Քոչարյան. – Այո, իհարկե, լինելու է այն ժամանակ Գլխավոր շտաբի պետի հրավեր և Արցախի Հանրապետության էլի երկու բարձրաստիճան պաշտոնյաների պետք է լսենք և անմիջապես հրավիրենք Սերժ Սարգսյանին։
«Ազատություն». – Նախագահ Բակո Սահակյանն է՞լ կա։
Քոչարյան. - Ես չեմ կարծում, որ այս պահին դեռ Բակո Սահակյանին լսելու, բայց հնարավոր է, որ նաև Արցախի Հանրապետության նախագահին էլ մեկ հարց ուղղելու ցանկություն լինի հանձնաժողովի անդամների մոտ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.