Վանաձորի հիվանդանոցի նախկին շենքն «անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով» է վաճառվել. Ոստիկանություն

Վանաձորի հիվանդանոցի նախկին եռահարկ շենքն «անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով» վաճառելու փաստով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։

Իրավապահների հրապարակած տվյալների համաձայն, շենքը վաճառելիս Վանաձորի համայնքապետարանը ոչ թե պատվիրել ու ձեռք է բերել շինության շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացություն, այլ «հիմք է ընդունել շենքը գնել ցանկացող բնակչի պատվերով կազմված հաշվետվությունը, ըստ որի 76 միլիոն դրամ կադաստրային արժեքով շենքը ներկայացվել է իբրև քանդման ենթակա և գնահատվել ընդամենը 2 միլիոն 80 հազար դրամ»։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը վստահ է, որ գործող համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք ևս հայտնի կոռուպցիոն մեխանիզմներով է կազմակերպվել աճուրդը և շենքը միտումնավոր ներկայացվել է քանդման ենթակա. - «Առաջինը գնահատող եզրակացությունը տվող կազմակերպության խնդիրն է։ Երկրորդ խնդիրը համայնքապետարանում է, որովհետև եթե համայնքապետը կոչված է համայնքի շահերը պաշտպանելու, իրեն առնվազն կասկածելի պետք է թվա նման եզրակացությունը՝ եթե ինքը այդ կոռուպցիոն մեխանիզմի մեջ ներգրավված չէ։ Ես խիստ կասկածներ ունեմ, որ հատկապես մինչև հեղափոխությունը նման կոռուպցիոն սխեմաների մեջ Վանաձորի համայնքապետարանում խառնված մարդիկ կան։ Եվ շատ լավ է, որ քրեական գործ կա հարուցված։ Կարծում եմ, այդ ընթացքում ամեն ինչ պարզ կդառնա»։

Իրավապահները քրեական գործ են հարուցել՝ պնդելով, որ 1281 քմ շենքն ու 1443 քմ հողամասը վեց ու կես միլիոն դրամով՝ իրական արժեքից գրեթե 11,5 անգամ պակաս գնով վաճառել են նույն անձին, որն էլ կարճ ժամանակ անց հիվանդանոցի նախկին շենքը 21 ու կես միլիոն դրամով՝ ավելի քան 3 անգամ բարձր գնով վերավաճառել է այլ անձի։
«Այսպիսով, համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 70 միլիոն դրամի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ», - ասված է Ոստիկանության հայտարարության մեջ։

Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը հաստատեց, որ համայնքապետարանը բյուջեում գումար չի ունեցել գույքի գնահատման մասին եզրակացություն պատվիրելու համար, ուստի հիմք են ընդունել բնակչի ներկայացրած եզրակացությունը։

Նշում է, որ դա իրենց համար ընդունելի է եղել, քանի որ գնահատումն իրականացրել է լիցենզավորված ընկերություն. - «Մենք ազատ տնտեսության պայմաններում ենք ապրում, շուկայական ազատ հարաբերություններ են, և բնականաբար, հաճելի կլիներ, որ բյուջե գար 20 միլիոն։ Դա չի խնդիրը։ Խնդիրը նրանում է, որ մենք չենք կարող հետագայում վերահսկել երկու անհատ սեփականատիրոջ միջև առ ու վաճառքի գործարքը։ Եթե անձնապես իմ կարծիքն ասեմ, ես այդքան գումար էդ շենքին չէի տա»։

Շենքի գնորդը, ով ընդամենը մեկ ամիս անց երեք անգամ թանկ գնով այն վաճառել է Միացյալ Նահանգների մի քաղաքացու, քաղաքապետարան էր ներկայացրել «Վանաձորի նախագիծ» ընկերության եզրակացությունը, ըստ որի 4-րդ աստիճանի վթարային շենքի կադաստրային արժեքը 0 դրամ է։

«Աճուրդը կազմակերպվել է օրենքի տառին համապատասխան», - համոզված է Սուրեն Աբովյանը։

Վանաձորի ավագանին միաձայն է հաստատել ցածր մեկնարկային գնով աճուրդ կազմակերպելու համայնքապետարանի ներկայացրած նախագիծն ու 2018 թվականի ապրիլին, հեղափոխությունից մեկ ամիս առաջ վաճառվել է դեռ 88-ի երկրաշարժից հետո լքված շենքը։

Ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Վահագն Ավագյանն «Ազատությանն» ասաց, որ նախկինում երեք անգամ աճուրդ է կազմակերպվել, բայց գնորդ չի եղել՝ նախ 17, ապա 13, իսկ հետո՝ 10 միլիոն դրամով. - «Ինքը վթարային շենք ա, շատ մեծ աշխատանքներ կար մաքրման, կատարման։ Հասկանալի էր, որ մեծ ծախսեր կա դրա հետ կապված»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է սեփականատերը բավականին բարձր գին վճարել, Ավագյանը պատասխանեց. - «Շուկայականն ու աճուրդները պետի չի իրար հետ համեմատել»։

1988 թվականի երկրաշարժից հետո հիվանդանոցը տեղափոխել են ու այս շենքն այլևս չի օգտագործվել։ Այժմ այն աղբանոցի է վերածված։ Միջնապատերը կիսաքանդ են։ Արտաքին պատերին ճեղքեր կան։ Բայց Ոստիկանության հարուցած քրեական գործի համաձայն, հիվանդանոցի նախկին շենքը կեղծիքով է համարվել քանդման ենթակա և էժան է գնահատվել։