Մեծ Այրումի բնակիչներն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից փոխհատուցում են պահանջում

Լոռու մարզի Մեծ Այրում գյուղում հանրային պահանջի արշավ է սկսվել: 160 տուն ունեցող գյուղի բնակիչներն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից պահանջում են փոխհատուցել «Նահատակ» պոչամբարի հարևանությամբ ապրող բնակիչներին՝ տարիներ շարունակ կոմբինատի պատճառած վնասների դիմաց:

Հարություն Դանիելյանի հինգ հոգանոց ընտանիքն ապրում է պոչամբարից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Տարիներ շարունակ բողոքում են իրենց առողջական վիճակի համար, պնդում, որ պարբերաբար գլխացավ ու սրտխառնոց ունեն: Երեք մանկահասակ երեխաները հաճախակի հիվանդանում են:

Գյուղի բնակիչ Գրիգորի Գրիգորյանն այսօր զգուշացրեց կոմբինատի ներկայացուցիչներին, թե արգելափակելու են Ախթալայից նոր արտանետումների ճանապարհը. - «Էգուց
կնիկարմատնու ձեռը չագուճը դնում եմ, պլաստմասե տրուբեքն էլ ջարդել տամ, որպեսզի էլ խվոստ դեսը չգա: Թող գան էլի, հետներս մի գիշեր քնեն ստեղ հլա, էս գյուղում գան, մի գիշեր քնեն: 20 օրական էրեխին տարավ այս տան տերը, 2 միլիոն դրամ ծախսեց Երևան, որ էրեխուն բուժեց, 20 օրական էրեխին, դեռ չծնված նա արդեն հիվանդանոցներում էր: Զրոյից տուն եմ սարքել, որ ես երեխա պահեմ, ապրեմ ստեղ, ծառն ես դնում, ծառն ա չորանում, ապրանքն ես պահում, սաղ օրը դեղը քամակին պահում: Չենք կարում, ոչ մի բան չենք կարող անենք»:

Անցած տարի չեխական «Արնիկա» կազմակերպությունը Լոռու մարզի հանքարդյունաբերությամբ զբաղվող համայնքներում հետազոտություններ անցկացրեց և հիմնավորումներ բերեց, որ հողի, միրգ-բանջարեղենի, ինչպես նաև մարդկանց մազերի մեջ վնասակար ծանր մետաղների առկայությունը տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորման:

Մինչդեռ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանը չի ընդունում բնապահպանների պնդումները, թե Մեծ Այրումում ապրող ընտանիքներում վատ ինքնազգացողության, հաճախակի հիվանդանալու պատճառը հենց իրենց ծավալած հանքարդյունաբերությունն է:

«Չկան այդպիսի վիճակագրական տվյալներ, որ հանքարդյունաբերությունից հեռու բնակավայրերում մարդիկ չունեն այդ խնդիրները», - «Ազատությանն» ասաց Գագիկ Շահնազարյանը: Բայց ընկերությունը պատրաստ է պոչամբարին ամենամոտ ապրող Դանիելյանների ընտանիքին աջակցել առողջական հարցերի լուծման, անգամ նոր, պոչամբարից ավելի հեռու տուն տեղափոխվելու հարցում. - «Ուղղակի կապ մենք չենք տեսնում հիվանդության և պոչամբարի գոյության մեջ, սակայն որևէ հանգամանք հաշվի չառնելով, հաշվի առնելով այն, ինչ ես նշեցի, մենք որոշել ենք օգնել այդ ընտանիքին. համապատասխան իրենց ինչ անհրաժեշտ է՝ թե՛ բժշկական օգնության տեսակետից, թե՛ բնակարանային խնդիրների լուծման տեսակետից այդ օգնությունը փոխադարձ համաձայնությամբ կլուծվի»:

Ինչ վերաբերում է պոչամբարի վնասներին, ապա ըստ ընկերության ներկայացուցչի՝ մինչև 2022 թվականը կփակվի «Նահատակի» պոչամբարը, քանի որ նրա խոսքով՝ կոմբինատը փոխել է տեխնոլոգիան, և հանքաքարի վերամշակման արդյունքում 95 տոկոսով չոր պոչանքներ են առաջանում:

«6 ամսից ավելի է, որ այս պոչամբարը չի օգտագործվում ընդհանրապես», - ասաց Շահնազարյանը, սակայն տեղաբնակներն արձագանքեցին. - «Ո՞նց չեն թողնում պոչեր, նայեք՝ էս կողմն էլ, էն կողմն էլ թափվում են, էսօր որ պիտի գայիք, դրա համար քիչ են բաց թողել»:

Չնայած ընկերության և բնակիչների պնդումներն իրարամերժ են, բայց բնապահպաններն այսօր արձանագրեցին մի կարևոր փաստ. մինչև հիմա Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը կտրականապես հրաժարվում էր փոխհատուցել պոչամբարի հարևանությամբ ապրող բնակիչներին:

«Այսօր արդեն պատկերն ուրիշ է», - ասաց Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը՝ շարունակելով. - «Այս գյուղում և կողքի Ճոճկան գյուղում առողջական խնդիրներն ազգաբնակչության մոտ բավական լայն արտահայտված են, ուղղակի մեծ առաջընթաց, որ մինչև հիմա ընկերությունը կտրականապես մինչև այս կամպանիան ամեն ձև ժխտում էր, որ ինքը վնաս է պատճառում շրջակա միջավայրին, մարդկանց առողջությանը, այս պահի դրությամբ փաստացի, նաև իրենց տարածած հայտարարություններով փաստացի իրենք ճանաչել են, որ ընտանիքը կրել է վնաս»:

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը պատրաստվում է առաջիկայում նաև դատական գործընթաց սկսել՝ ընկերությունից իրավական ճանապարհով փոխհատուցում պահանջելու հանքարդյունաբերության արդյունքում մարդկանց կրած վնասների դիմաց: