Ազգային ժողովում այսօր դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթի շուրջ լսումներ իրականացվեցին։ Նախագիծը բավական ծավալուն է և վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու գործողություններին։
Այս նախագծով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանը հետևող հանձնաժողովներում։ Հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում բացի դատարանների ներկայացուցիչներից լինելու են նաև հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան գիտնականներ:
Կարևոր փոփոխություններ են կատարվել նաև դատավորի թեկնածուների ընտրության կարգում: Բարձրագույն դատական խորհուրդը ընտրության ժամանակ արդեն պետք է հաշվի առնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տված եզրակացությունը թեկնածուի բարեվարքության վերաբերյալ, թեկնածուն հոգեբանական թեստ պետք է անցնի, նաև նրա գույքային վիճակը պետք է ստուգվի:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասնեց. «Հնարավորություն կա ուսումնասիրելու, օրինակ, սոցիալական ցանցերը, ընդհանրապես անձի վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության հնարավոր դրսևորումները»։
Առաջարկվում է նաև իջեցնել դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային ցենզը։
«Ֆիքսենք նախ, որ դա չի նշանակում, որ դատավորներ դառնալու են 25 տարեկանում, դա նշանակում է, որ հավակնորդը 25 տարեկանից սկսած կարող է արդեն դիմել», - ասաց արդարադատության նախարարը։
Վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը կասկած հայտնեց՝ որքանո՞վ է նպատակահարմար դատավորի թեկնածուների համար նախատեսված տարիքային շեմը 28-ից դարձնել 25 տարեկան։
«Կրթական մասը հլը մի կողմ թողնելով, բայց դատավորը պետք է ունենա նաև որոշակի փորձ՝ և՛ կյանքի, և՛ աշխատանքային», - նշեց Պողոսյանը։
Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Շատ կներեք, բայց որոշ չակերտավոր փորձառու դատավորներ ձևավորել են շատ վատ համբավ ամբողջ դատական համակարգի համար, պետք չի վախենալ 25 տարեկաններից, մանավանդ, որ 25 տարեկաններ դատական համակարգում դժվար թե ունենանք կամ երիտասարդները կարող է պարզվի, որ շատ լավ, օգտակար գործ արած կլինեն դատական համակարգի համար»։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն ասում է՝ այս փոփոխությունները շատ կարևոր են անկախ և հանրության մոտ վստահության բարձր մակարդակ ունեցող դատական համակարգ ունենալու հարցում:
«Խոսքը գնում է դատական իշխանության անկախության ապահովման համար, որովհետև այդ բարեվարքության ստուգումով անցնող դատավորները լրիվ այլ մակարդակի անկախություն ունեն, որովհետև այս պարագայում այլևս ոչ ոք չի փորձի, ասենք, օրինակ, շահարկել այդ դատավորի կենսագրության կամ ներկայի հետ կապված ինչ-որ անհասկանալի կամ մութ կետերը», - նշեց Վիգեն Քոչարյանը։
Թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը քննադատության ենթարկեց նախագիծը: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իհարկե, հասկանում են՝ դատավորների ծանրաբեռնվածությունը մեծ է, սակայն պետք է հստակ ուշադրություն դարձվի դատավարությունը ողջամիտ ժամկետներում անցկացնելուն: Ձգձգումները կյանքի-մահվան հարց են դառնում:
«Կարծում եմ՝ մենք օրենքով պիտի սահմանենք ողջամիտ ժամկետ։ Ցանկացած պատճառաբանություն, որ դատավորները քիչ են, որ յուրաքանչյուրն այսքան գործ ունի և չի հասցնում, դրանք բացատրություններ չեն, եթե մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ», - նշեց Զոհրաբյանը։
«Լուսավոր հայաստան»-ից Տարոն Սիմոնյանը փոփոխությունները կոսմետիկ որակեց՝ հայտարարելով, որ իշխանությունները ամիսներ առաջ խոստացված վեթինգի գործընթաց չեն իրականացնում:
«Քաղաքական իշխանությունը որոշել է, որ «չէ, կոսմետիկ փոփոխությունների միջոցով բարեվարքության որոշ կանոններ փոփոխելու միջոցով կարող ենք այդ նպատակին հասնել», բայց այն նախագիծը, որ դուք ներկայացրել եք, ոչ թե նպաստում է նրան, որ մենք ունենանք անկախ դատավոր, այլ նպաստում է նրան, որ մենք ունենանք վախեցած դատավոր, բայց ոչ թե օրենքի խստությունից վախեցած դատավոր, այլ՝ կոնկրետ անձանցից վախեցած դատավոր», - ասաց Տարոն Սիմոնյանը։
«Հայ ազգային կոնգրես»-ից Արամ Մանուկյանը մտահոգություն հայտնեց մի դրույթի հետ կապված, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար վաղեմության ժամկետ է սահմանում՝ 8 տարի. «8 տարվա մասին է խոսքը, որը հնարավորություն է տալիս ուղղակիորեն Մարտի 1-ի դատավորներին, ապօրինի վճիռ կայացրածներին, արդարադատության դեմ հանցագործություն արածներին պլստալ ուղղակի պատասխանատվությունից»։
Նույն հարցը բարձրացնող «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը թույլ չտվեց խոսքն ավարտել՝ անջատելով խոսափողը՝ պատճառաբանելով, որ գերազանցել է ելույթի համար նախատեսված 5 րոպեանոց ժամկետը:
Արդարադատության նախարարը պարզաբանեց՝ 8 տարին չի վերաբերում անցյալին, այլ վերաբերելու է ապագային։ Այսինքն՝ Մարտի 1-ի գործը քննած դատավորների վրա այս նորմը չի տարածվի:
«Այդ 8 տարին հետադարձ ուժ չունի, այսինքն՝ սրանից հետո կատարված կարգապահական խախտումների մասին է, այս Դատական օրենսգիրքը ապագայի մասին է, իսկ անցյալի մասով դա չի նշանակում, որ մենք անցյալի էջը փակում ենք առանց գնահատական տալու անցյալին», - ասաց Բադասյանը։