Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը մեկնարկեց

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանում է դատարանի դահլիճ, Երևան, 25-ը փետրվարի, 2020թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր մեկնարկեց Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը։

Պաշտոնաթող նախագահը ժամանեց դատական նիստին։ Բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող նախկին նախագահը մինչև դատարան մտնելը հայտարարություն արեց. - «Հաշվի առնելով եղանակային պայմանները և այն հանգամանքը, որ հույս կա, որ Հայաստանում դեռևս կան դատավորներ, ում համար արդարադատությունը վեր է ամեն ինչից։ Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար Լեռնային Ղարաբաղի անկախությունը վեր է ամեն ինչից։ Խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին»։

Չասելով ոչ մի խոսք իրեն առաջադրված մեղադրանքից՝ Սարգսյանը փոխարենը հիշեցրեց, թե ինքը աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել է ու այսօր էլ կրկնում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում. - «Սա եղել է իմ կյանքի գերագույն նպատակը, այն ինձ ուղեկցելու է մինչև վերջ և ամենուր»։

Իսկ թե ինչու նման հայտարարություն արեց հենց դատական նիստից րոպեններ առաջ, չհացրեցինք հարցնել երրորդ նախագահին, նա հապճեպ հեռացվավ տարածքից, քանի որ նիստի մեկնարկին մի քանի րոպե էր մնացել։

Հարցին պատասխանեց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը. - «Այս ամենը ինչ-որ կատարվում է և՛ Սերժ Սարգսյանի նկատմամբ, և՛ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և՛ Արցախի հերոսամարտի հետ կապված այլ մարդկանց նկատմամբ այլևս դադարել է լինել պարզապես զուգադիպություն։ Եվ այստեղ ակնհայտ է, որ այստեղ կա չերևացող կարգավորող ձեռք»։

Աշոտյանը չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի ասելով «չերևացող ձեռք». - «Ես այստեղ եմ, այն շենքում չեմ։ Հենց որ ինչ-որ գործով անցնեմ, հստակ հայտարարությունները կանեմ»։

Ի աջակցություն Սերժ Սարգսյանի այսօր դատարանի առջև էին նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը, Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ու նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։

Հիշեցնեմ, որ Սարգսյանի եղբորորդին, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահն ու նախկին փոխոստիկանապետը տարբեր գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեն։

Նախկին նախագահը մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։ Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից համարվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է։