Այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար մեղադրվող Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։
Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, Գյուղնախարարության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նույն նախարարության մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ 2013 թվականին Սերժ Սարգսյանը կազմակերպել է, որ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ և Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանը վատնի պետբյուջեից 15 միլիոն լիտր վառելիքի համար նախատեսված մոտ կես միլիարդ դրամ գումարը։
Քրեական գործի համաձայն՝ իր նախագահության ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանն այնպես է արել, որ հողօգտագործողներին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրի իր մտերիմ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և սա այն դեպքում, որ ավելի էժան գնային առաջարկ է ներկայացրել «Մաքսհուր» ընկերությունը:
Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նա մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա փաստաբաներից Ամրամ Մակինյանն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. - «Մեր այն սկզբնական հայտարարությունները, որ այս գործում չկան և չեն կարող լինել ապացույցներ, որոնք կփաստեն ու կհիմնավորեն պարոն նախագահի առնչությունն իրեն մեղսագրված արարքին, հիմա հաստատում ենք, չկան ապացույցներ: Սա ոչ այլ ինչ է, քան պարոն նախագահի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդում»:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մինչդեռ, երեկ «Ազատության» եթերում հակադարձեց՝ պնդելով. - «Ինչպես հայտնի խոսքերում կա, որ գողն առաջինն ինքն է խոսում այլոց գող լինելու մասին, էսպիսի մի բան է Սերժ Սարգսյանի մոտ, և կարծում եմ, որ քանի որ էջը փակված է նրա և նրան սատարող կամ իր տակ գտնվող քաղաքական ուժի, ևս մեկ անգամ առիթն օգտագործելն է մեզ ինչ-որ բանում մեղադրելու համար»։
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ գործադիր մարմինն այսօր մեկնարկող դատավարության կապակցությամբ պնդում է, որ պաշտոնաթող նախագահը որպես մեղադրյալ է ներգրավված «շինծու և անհեթեթ պատրվակով»: Հանրապետականն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Սերժ Սարգսյանին, դատական իշխանություններից պահանջում է ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց։ Այսօր էլ բողոքի ակցիա է իրականացնելու դատարանի առջև։