ՀՀԿ-ն պահանջում է Սերժ Սարգսյանի գործով ապահովել արդար և օրինական դատական գործընթաց

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմինը հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով այսօր մեկնարկող դատավարության կապակցությամբ, որում պնդում է, որ պաշտոնաթող նախագահը որպես մեղադրյալ է ներգրավված «շինծու և անհեթեթ պատրվակով»:

«Կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա նրա նկատմամբ գործի հարուցումը, քննության ընթացքում ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից գործած ապօրինությունները, պետական քարոզչամեքենայի կողմից Սերժ Սարգսյանին կողմնակալ թիրախավորումը վկայում են գործի բացառապես ուղղորդված և պատվիրված լինելու մասին, որի շրջանակներում քրեական փաթեթավորմամբ իրականացվում է քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթաց», - հայտարարում է նախկին իշխող կուսակցությունը՝ շարունակելով. - «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում: Նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից»:

Վերահաստատելով այս առնչությամբ նախկինում տրված գնահատականները՝ Հանրապետականն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Սերժ Սարգսյանին, դատական իշխանություններից պահանջում է ապահովել ամբողջությամբ արդար և օրինական դատավարական գործընթաց, հրավիրում է տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների անաչառ ուշադրությունն այս դատավարության նկատմամբ:

«Անհրաժեշտության դեպքում ձեռնարկելու ենք բոլոր օրինական միջոցները Սերժ Սարգսյանի իրավունքները, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է ՀՀԿ պաշտոնական կայքէջում։

Հայաստանի երրորդ նախագահը, հիշեցնենք, քրեական գործով մեղադրվում է պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու մեջ։